Հայաստանի բնակիչների 75%-ը կարծում է, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունը կօգներ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Հարցման արդյունքները հրապարակել է LURER media կայքը: Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը հանդես են գալիս ՀԱՊԿ-ի հետ գործակցության օգտին, որն, ի շահ մեր երկրի անվտանգության՝ ցանկացած պահի պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝: Այդ մասին ՀԱՊԿ ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր դիվանագիտության տարբեր մակարդակներում:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Կազմակերպությունից պահանջում է աջակցման քաղաքական հավաստիացումներ, որոնք Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում որևէ կերպ չեն օգնի: Բայց միևնույն ժամանակ հրաժարվում է անվտանգության գործիքներից. օրինակ, թույլ չի տալիս ՀԱՊԿ դիտորդներին մուտք գործել մեր երկրի տարածք, հրաժարվում է Հայաստանում համատեղ զորավարժությունների անցկացումից ու կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից:
Մինչդեռ ՀԱՊԿ գործունեությունն իրական արդյունքներ է գրանցում տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում: ՀԱՊԿ անդամ-երկրներում գործում են անվտանգության ապահովման ծրագրեր տարբեր ոլորտներում. անօրինական միգրացիայի դեմ պայքարի, կիբերտիրույթի պաշտպանության աշխատանքներ և հակաթմրանյութային համալիր գործողություն: Այդպես, 2023 թվականի մայիսին իրականացված «Կանալ-Արաքս» օպերացիայի շրջանակներում առգրավվեց ավելի քան 800 կգ թմրանյութ ու բացահայտվեց գրեթե 90 խմբավորում: