2013 թ-ին լրանում է լեգենդար երգչուհի Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակը: Այդ առիթով ամբողջ աշխարհում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել Կալասին նվիրված միջոցառումներ, հաղորդում է Հայաստանում Հունաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք նշել, որ Հայաստանը նույնպես առիթ կունենա դեկտեմբերի 8-ին տոնական միջոցառումով նշելու Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական տարին եւ այդ առիթով շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանությանը համերգի իրականացման եւ աջակցման գործում: Շվեյցարիայից Երեւան կժամանի ճանաչված երգչուհի Վարդուհի Խաչատրյանը, ով կատարելու է Կալասի երգացանկի հանրահայտ օպերային արիաներ: Այս տարվա ընթացքում Վարդուհի Խաչատրյանը բեմել է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող Մարիա Կալասին նվիրված հոբելյանական համերգներին եւ փառատոններին եւ առաջիկա համերգով իր շրջագայությունը կեզրափակի իր հայրենի քաղաքում` Երեւանում: Այդ երեկո Վարդուհի Խաչատրյանին կնվագակցի ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով մի քանի տարի է, ինչ բացառապես համագործակցում է Վարդուհի Խաչատրյանի հետ` որպես երգչուհի-մենակատար»,- ասել է երաժշտական մենեջեր, միջոցառման համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:
Վարդուհի Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է նաեւ 2001 թ. Աթենքում տեղի ունեցած Մարիա Կալասի անվան միջազգային մրցույթը, որտեղ Երգչուհին արժանացել է Գրան Պրի մրցանակի: Նա երգել է բազմաթիվ հեղինակավոր այնպիսի փառատոններում, ինչպիսիք են «Festival Castell de Peralada» (Իսպանիա), «Musicastello» եւ «Festival Euro Mediterraneo» (Իտալիա), «Festival Flaneries Musicales d’Eté in Reims» եւ «Festival d’Ambronay» (Ֆրանսիա) փառատոններին, երգել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների հետ, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալիեն, Խոսե Կուրան, Անգելա Ջորջուն եւ այլք: Վարդուհի Խաչատրյանը շրջագայում է աշխարհի հեղինակավոր սրահներով` այնպիսիք, ինչպիսիք են Լոնդոնի Ropyal Albert Hall-ը, Փարիզի Salle Gaveau-ն, Ժնեւի Victoria Hall-ը, Մոնթրյոի Auditorium Stravinsky-ն եւ այլն: Նրա կատարումները հեռարձակվել են տարբեր երկրների ռադիո եւ հեռուստաալիքներով, այդ թվում նաեւ դասական երաժշտության հանրահայտ ֆրանսիական MEZZO հեռուստաալիքով եւ գերմանական KLASSISCH հեռուստածրագրով:
Հիշեցնենք, որ համերգը տեղի կունենա 2013 թ. դեկտեմբերի 8-ին, ժամը` 19:30, Կոմիտասի անվան կամերային տանը: