Հայ ժողովուրդը ստեղծարար է, նրա զավակների մատները՝ բանուկ և արարող, իսկ ձեռքերը վաղուց ի վեր ստացել են ոսկե ածականը և աշխարհին հայտնի են «Հայի ոսկե ձեռքեր» բնորոշմամբ: Դեկտեմբերի 19-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ կազմակերպված «Հմուտ ձեռքեր» ցուցահանդեսը նվիրված էր հայ կնոջ նուրբ մատներով ստեղծված ձեռագործ աշխատանքին: Ցուցահանդեսին փառահեղորեն տեղ էին գրավել թբիլիսահայ 25 կնոջ 100-ից ավելի ցուցանմուշներ՝ Աննա Սահակյանի, Սոֆյա Հասրաթյանի ասեղնագործությունները, Մալվինա Հակոբյանի տիկնիկները, Ալլա Շաքարյանի և Լուարա Աբրամովայի նորաձևությունների հավաքածուները ևայլոց տարբեր աշխատանքներ:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, կարևորելով հայ կնոջ դերն ու նվիրվածությունը ազգապահպանության և հայեցի դաստիարակության գործում, առանձնահատուկ նշեց պատերազմի ժամանակ ամուսնու կողքին կանգնելու, իսկ խաղաղ տարիներին ընտանիք ստեղծելու, տուն ու տեղ դնելու և ձեռքերի ու մատների շնորհիվ այն շեն ու լի պահելու հայ կնոջ անկրկնելի ունակության մասին:
Ողջունելով Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված տարբեր ձևի ու երանգի, ոճի ու նշանակության առարկաներ ներկայացրած մասնակիցներին, Վրաստանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հորդորեց իրենց ձեռքի աշխատանքներում ավելի մեծ տեղ հատկացնել Աստվածաշնչյան, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմաներով գործերին:

Ցուցահանդեսին ներկա գտնվող Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի տիկին Արմինե Մանուկյանը, բարձր գնահատելով թբիլիսահայ կանանց ձեռագործությունները, նրանց հաջողություններ մաղթեց՝ մանրակրկիտ աշխատանքով և վառ երևակայությամբ զարմանահրաշ գործեր ստեղծելու ասպարեզում: