Հալեպում մարտի 8-ի առավոտյան, հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նու Գյուղ թաղամասի գլխավոր փողոցը, ազգային հայկական գիմնազիայի շրջակայքը, որի հետեւանքով վիրավորվել են զինծառայողներ: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Նոր Գյուղ թաղամասը նույնպես հրթիռակոծության էր ենթարկվել, որի հետեւանքով մասնակիորեն տուժել էին հայկական համայնքին պատկանող հայկական «Սահակյան» գիմնազիայի եւ «Կիլիկիա» միության շենքերը:
Նշենք, որ նախքան արյունալի իրադարձությունները Սիրիայում բնակվում էր մոտ 60-70 հասար հայ: Նրանց մոտ կեսը բնակվում էր Հալեպում, իսկ կեսը բնակվում էր Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիա, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում, եւ իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում: