Ուկրաինայի հայերը շատ մտահոգ են, թե ինչ է տեղի ունենալու երկրում»: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը։
Ըստ նրա՝ Ուկրաինայում բնակվող շատ հայերի եկամուտը զգալիորեն նվազել է, իսկ ոմանք մտածում են կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան տեղափոխվելու մասին։
Հարցին՝ արդյոք Ուկրաինայի հայերը հարում են քաղաքական որեւէ թիմի, Գրիգորիս արքեպիսկոպոսը պատասխանեց, որ հայերը հիմնականում քաղաքական առումով շատ ակտիվ չեն, բայց «բոլոր կողմերում էլ հայեր կան, հնարավոր չէ ընդհանուր խոսել համայնքի քաղաքական կողմնորոշման մասին»։ «Հայերը փորձում են լինել զգույշ եւ ցայտուն կեպով չդիրքորոշվել ոչ մեկի կողմը», - ասաց Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդը:
Ըստ արքեպիսկոպոսի՝ համայնքի ներկայացուցիչները չեն բացառում, որ Ուկրաինան կարող է ներքաշվել պատերազմում։