Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:
«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակը նամակ է հանձնել Շվեյցարիայի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով «այդ որոշման վնասակար հետեւանքները ոչ միայն հանուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայքարի, այլեւ մարդու իրավունքների նկատմամբ միջազգային իրավունքի բոլոր օրենքների եւ սկզբունքների է»: «Հենց այդ պատճառով էլ ձեր միջոցով մենք հարգանքով խնդրում ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ բողոքարկել մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել էր հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցը Շվեյցարիայի դեմ՝ իր վճիռը հիմնավորելով խոսքի ազատությամբ: Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ. Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու համար: