ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Երևանում Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին` Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։
«Այսօր իսկապես հիանալի տոն է, որը համեմատաբար երիտասարդ է։ Տոնն արդեն սիրվել է բոլոր ռուս դիվանագետների և այն մարդկանց կողմից, որոնք կապ ունեն դիվանագիտական ծառայության հետ», – ասել է դեսպանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Նրա խոսքերով` մեծ ուրախություն է ծաղիկներ դնել Երևանում գտնվող մեծանուն դիվանագետ Գրիբոյեդովի հուշարձանին։
«Գրիբոյեդովը բազմակողմանի զարգացած մարդ էր, սակայն նրան առավել հաճախ ճանաչում են որպես դիվանագետի, ով շատ բան է արել Կովկասի, մասնավորապես Հայաստանի համար։ Մեզ շատ հաճելի է, որ մենք կարող ենք այսօր հարգել հռչակավոր մարդու հիշատակը», – նշել է Վոլինկինը։
Դիվանագիտական աշխատողի օրը Ռուսաստանի Դաշնության բոլոր դիվանագիտական աշխատողների մասնագիտական տոնն է, որը նշվում է Ռուսաստանում ամեն տարի` փետրվարի 10–ին։ Դիվանագիտական աշխատողի օրը հիմնվել է 2002 թ.–ի հոկտեմբերի 31–ին։
Նովոստի–Արմենիա