Օրրան բարեգործական կազմակերպությունը փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորում են աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն ու նրա կինը` Անժին:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տաք սնունդ ստանալու եւ միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները «Օրրան» կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երեւանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:
«Ներկայումս Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք «Օրրանում» ստանում են տաք սնունդ, ինչպես նաեւ բժշկական, սոցիալական, հոգեբանական եւ կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաեւ մասնագիտական վերապատրաստման դասընթացների եւ մշակութային հարուստ ծրագրերի:
«Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաեւ տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երեւանի Օրրանում: Երբ Սերժ Թանկյանը եւ նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես կարող են օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ եւ արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան եւ հոգածության հնարավորություն կունենան»,-ասել է «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի կինն է-խմբ):