Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքը համաձայնել է 30 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել տարեց հայ զույգին վնասվածքների համար, որոնք նրանք ստացել են մայթին ընկնելու հետեւանքով: Քաղաքային խորհուրդը հայտարարել է վեճի խաղաղ կարգավորման մասին փակ դռների ետեւում տեղի ունեցած նիստի արդյունքների հիման վրա:
Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, 83-ամյա Համազասպ Փիրիջանլուն կնոջ՝ 78-ամյա Զարթարի հետ թեւանցուկ քայլում էր, երբ սայթաքել է ու կնոջն իր հետ վայր գցել: Համազասպ Փիրիջանլուն կոտրել է ճկույթն ու վնասել է մեջքը, իսկ Զարթարը ձախ ուսի մկաններն է կտրել, ինչպես նաեւ կապտուկներ են առաջացել արմունկներին ու ծնկներին: Դատական փաստաթղթերի համաձայն՝ միջադեպի հետեւանքով գլենդելյան զույգի բժշկական հաշիվը կազմել է ավելի քան 15 000 դոլար:
Ամուսինները հայտարարել են, որ քաղաքը չի ապահովել մայթի անվտանգությունը ու անզգուշության հետեւանքով մարդկանց վտանգի է ենթարկել: «Մենք ուրախ ենք, որ կարողացել են Գլենդել քաղաքի հետ առանց դատական գործընթացների խաղաղ կարգավորման հասնել՝ հատկապես հաշվի առնելով մեր հաճախորդների տարիքն ու հարցը կարգավորելու նրանց ցանկությունը»,- ասել է փաստաբան Ալեքս Սարաջյանը Բըրբենքից, ով ներկայացնում էր զույգի շահերը: