Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է աջակցել Տորոնտոյի հայ համայնքի կողմից նախկինում հովանավորված կրթական հաստատությունների աշակերտներին: Այս անգամ արտերկրում բնակվող հայազգի դերձակների ընտանիքը համազգեստներ է նվիրաբերել Շուշիի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական դպրոցի աշակերտներին, ինչպես նաեւ նոր ձմեռային տաք հագուստ եւ կոշիկ է հավաքագրել Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղերի 165 աշակերտների համար: Նվերները արցախցի պատանիներին են հասել Ամանորի նախաշեմին` մեծ ուրախություն պարգեւելով նրանց:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, ով 10 տարուց ավել հանդիսանում է Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, հպարտությամբ է ներկայացնում դպրոցում ուսանող աշակերտների հաջողությունները, այդ թվում` մասնակցություն տարբեր երաժշտական փառատոնների, մրցույթների, օլիմպիադաների, որոնց արդյունքում դպրոցի շնորհալի աշակերտները մրցանակներ ու պարգեւներն են տուն բերել:
Հիշեցնենք, որ Տորոնտոյի հայ համայնքի ֆինանսավորմամբ 2006թ.-ին կառուցվել է Մատաղիսի, 2010թ-ին` Սպիտակաշենի հանրակրթական դպրոցները, 2002-2011թթ.Շուշիի երաժշտական դպրոցում վերանորոգվել է մի քանի դասասենյակ, կառուցվել է կաթսայատուն եւ ներքին ջեռուցման համակարգ, իսկ 2013թ.-ին դպրոցին նվիրաբերվել է 15 ջութակ եւ փողային գործիքներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ