Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո սկիզբ առած ոստիկանապետերի կադրային ջարդին զոհ է գնացել նաեւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ Թուրքիայում «մեծ կաշառք» գործողությունից հետո ոստիկանապետերի զանգվածային հեռացումները շարունակվել են նաեւ դեկտեմբերի 20-ին, երբ հայտնի է դարձել, որ եւս 14 ոստիկանապետ է ազատվել կամ տեղափոխվել այլ աշխատանքի։
Հիշյալ ոստիկանապետերի մեջ է ոստիկանության վերահսկողական խորհրդի նախագահ Ռամազան Աքյուրեքը, ում անունը Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ժամանակ հիշատակել է սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը։
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության ժամանակ Ռամազան Աքյուրեքը հանդիսանում էր Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետ։ Նրան աշխատանքից հեռացրել էին սպանության մասին տեղյակ լինելու եւ չկանխելու մեջ մեղադրանքների համար, սակայն հետագայում կրկին վերադարձրել էին ոստիկանական համակարգ։
Դինքիս սպանության գործում սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Էրհան Թունջելն իր ցուցմունքներից մեկում հայտարարել էր, թե Ռամազան Աքյուրեքը Դինքի սպանությունը կազմակերպած հանցախմբի կարեւոր պարագլուխներից է։