Մեր հասարակության մեջ տոնական օրերին ընդառաջ եկեղեցին դառնում է այն հանգրվանը, որտեղ փորձում են ինչ-որ կերպ իմաստավորել այդ տոները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը եւ ավելացրեց, որ մեր իրականության մեջ դեռ պահպանվում է այն հանգամանքը, որբ մարդիկ փորձում են պահպանել տոնի արտաքին մասը:
Նրա խոսքով, ընդունված ավանդույթ է, որ մարդիկ գալիս են եկեղեցի եւ եկեղեցում են Նոր տարին, Սուրբ ծնունդը, Սուրբ զատիկը դիմավորում: «Բայց այստեղ միայն տոների մասնակցություն չի ենթադրում, այլ ենթադրում է ժողովրդին սովորեցնել, թե ինչպես այս կամ այն տոնին մասնակցել եւ ինչ է իրենից ներկայացնում այդ տոնը: Մարդիկ գալիս են, ցանկանում են սովորել եւ գիտակցված մասնակցել տոներին»,- ասաց Տեր Եսային:
Խոսելով եկեղեցու դերի մասին՝ նա նշեց, որ ցանկացած տոնի հետ կապված, այն, ինչ տեղի է ունենում եկեղեցուց դուրս, արտացոլանքն է այն իրականության, թե ինչպես է հասարակությունը ընկալում տոնը: «Այն որ մարդիկ կարեւորում են կերուխումը, սեղանները, նշանակում է, որ նրանք դեռ կարեւորում են վայելքները, ոչ թե խորհուրդը, պասը: Բայց, բարեբախտաբար, Նոր տարուց առաջ պահք պահողների, եկեղեցում Նոր տարին դիմավորողների թիվը ավելանում է: Մենք ամեն տարի Նոր տարվա գիշերը կատարում ենք հսկման ժամերգություն եւ միասին դիմավորում ենք Նոր տարին»,- ասաց Տեր Եսային: