Երեկ Նկարիչների միության համագումարն էր, որի ժամանակ էլ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վերընտրվեց: Մինչ այդ նախագահի հավանական թեկնածուների շարքում էր նաեւ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը սակայն նախագահ դառնալու ցանկություն չունեցավ:
Ավելին, երբ վերջինս առաջարկով հանդես եկավ /ստեղծել համանախագահների խորհուրդ/, իսկ դրան ի պատասխան, նկարիչների միության նախագահը հեգնեց /միգուցեր երկրում էլ մի քանի նախագահ, վարչապետ եւ ռեկտորներ ունենանք/, վերջինս ուղղակի դուրս եկավ դահլիճից:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահումյանը նշեց, որ իր առաջարկը` ունենալ համանախագահության խորհուրդ, կնպաստեր, որ խախտումները պակասեին ասենք` ընտրությունների ժամանակ.«Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ երեք մարդ լիներ համանախագահ, որոնք տարբեր հայացքներ կունենային եւ, այսիպիսով, կվերահսկվեր նաեւ միության գործունեությունը: Հեռացա դահլիճից, քանի որ հասկացա, որ այստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ. մարդկանց ձեռնտու է իներտ վիճակը»:
Շահումյանը կարծում է, որ միությունը չպետք է շարունակի աշխատել նույն ոճով, հակառակ դեպքում` ոչինչ սպասել պետք չէ միությունից. «Ես եղել եմ վարչության անդամ, եւ փաստում եմ, որ գրեթե ոչ մի հարց վարչությունը չի լուծում»:
Yerkir.am