Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հինգ տարվա ընթացքում այդ երկրի ներկայացուցչի առաջին բարձր մակարդակի այցն է. այն վերածնեց պատմականորեն միմյանց թշնամի երկրների միջեւ խաղաղ ջանքերի հեռանկարը, որը 2010թ.-ին մտել էր փակուղի: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել Reuters լրատվական գործակալությունը:
Reuters-ը նշում է, որ մահմեդական Թուրքիան ու քրիստոնյա Հայաստանը 2009թ.-ի հոկտեմբերին արձանագրություններ ստորագրեցին, որպեսզի դիվանագիտական հարաբերություններ հաստատեն ու բացեն սահմանը:
«Հույս ունեմ, իմ այցը Երեւան ներդրում կլինի ՍԾՏՀ տարածաշրջանում, մասնավորապես Կովկասում, համապարփակ խաղաղության ու տնտեսական կայունության հաստատման գործընթացում»,- Twitter-ի իր էջում գրել է Դավութօղլին: Թուրք նախարարի վերջին այցը Հայաստան 2009թ.-ի ապրիլին էր, արձանագրությունների կնքումից վեց ամիս առաջ. այն ժամանակ Երեւանում ՍԾՏՀ հանդիպմանը մասնակցում էր փոխվարչապետ Ալի Բաբաջանը: