Կանանց միջազգային ասոցիացիան դեկտեմբերի 14–ին տոնական բարեգործական տոնավաճառ կանցկացնի, չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան-Թեչլերը։
«Տոնավաճառի նպատակը ֆինանսական միջոցներ հավաքելն է` Ստեփանավանի և հարակից գյուղերի 50 երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր անցկացնելու նպատակով»,– ասաց նա։
Մգրդչյան–Թեչլերի խոսքով` Երևանի «Էրեբունի» բիզնես–կենտրոնում կայանալիք տոնավաճառում կներկայացվեն հայ և օտարերկրացի վարպետների ձեռքի աշխատանքներ, տան պայմաններում թխված խմորեղեն և քաղցրավենիք, ինչպես նաև զանազան հուշանվերներ և տոնական պարագաներ։
Միջոցառման ընթացքում կանցկացվի նաև հայտնի հայ նկարիչների նկարների տոնական աճուրդ և ցուցահանդես–վաճառք, իսկ ամենափոքր այցելուների համար նախատեսված են ժամանցային խաղեր և հանդիպում Ձմեռ պապի հետ։
«Միջոցառմանը կմասնակցեն օտարերկրացի դիվանագետներ, այդ թվում` ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Արգենտինայի և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչներ»,– ասաց Մգրչյան–Թեչլերը։
Ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Էլլա Բարքերն իր հերթին հայտնեց, որ տոնավաճառում ծրագրվում է նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթը` Տիգրան Հեքեքյանի և «Քառյակ» քառյակի ղեկավարությամբ։
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի վիճակախաղ, որի ընթացքում կխաղարկվեն զանազան մրցանակներ, այդ թվում` ավիատոմսեր։
Նույն կազմակերպության սոցիալական հարցերի տնօրեն Արմինե Թումանյանը նշեց, որ Երևանի Կանանց միջազգային ասոցիացիան նման ամենամյա տոնավաճառներ է անցկացնում մայրաքաղաքում` սկսած 2009 թվականից։ Նախորդ տարի բարեգործական կարիքների համար հավաքվել էր 5 հազար դոլար։
Երևանի Կանանց միջազգային ասոցիացիան ստեղծվել է 2009 թվականին։
Նովոստի–Արմենիա