Դեկտեմբերի 8-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված տոնական համերգ է կայացել:
ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, պետական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ եւ 1200 աշակերտ մայրաքաղաքի տարբեր դպրոցներից:
«Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանն իր ելույթում նշել է. «Այսօր ցանկացանք ցույց տալ, որ երգելու համար խոչընդոտներ չկան: Ուզում եմ, որ դուք այս համերգից «վարակված»` վազեք երգչախմբեր, որովհետեւ ոչինչ այնպես չի միավորում մարդկանց, ինչպես երաժշտությունը»:
Ողջույնի խոսք են ասել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանն ու Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը:
Հավելենք, որ միջոցառման ավարտին մաեստրո Տիգրան Հեքեքյանի նախաձեռնությամբ ամբողջ դահլիճը եռաձայն կատարել է Կոմիտասի «Սոնա Յար» ստեղծագործությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am