Թուրքիայի Սիվաս (պատմական Սեբաստիա-խմբ) նահանգում զինվորական տարածքում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի պաշտպանության նախարարի հրահանգով տեղափոխվելու է այլ տարածք եւ բացվելու է այցելությունների համար։
Թուրքական Spothaber կայքի փոխանցմամբ՝ «Սիվասի հայ բարեկամների» միության անդամները դիմել էին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին՝ շեշտելով, որ եկեղեցին մնացել է զինվորական տարածքում եւ իրենք չեն կարողանում այցելել։
Պաշտպանության նախարարը դրական է պատասխանել՝ հրահանգելով, որ եկեղեցին տեղափոխվի զինվորական տարածքից եւ վերանորոգվի։
Սիվասի տարածքային վարչության գլխավոր քարտուղար եւ փոխնահանգապետ Սալիհ Այհանը հաստատել է, որ եկեղեցին տեղափոխելու հրահանգ կա Պաշտպանության նախարարից՝ նշելով, որ արդեն մշակվում են եկեղեցու տեղակայման եւ վերանորոգման հետ կապված նախագծերը։
Սալիհ Այհանը չի պատասխանել, թե վերանորոգումից հետո եկեղեցին իր դռները որպես ինչ է բացելու՝ շեշտելով, թե դա որոշելու են իշխանությունները եւ իրենք կիրագործեն ցանկացած հրահանգ։