Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան այցելելու մասին հայտարարությունից հետո թուրքական Sabah-ի հետ հարցազրույցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար կրկին նախապայմաններ է ներկայացրել: Դավութղօլուն, հարցազրույցի ժամանակ դիմելով Հայաստանին, հոխորտացել է. «Դուք երբ հարեւան երկրի «հողերի բռնազավթումից» հրաժարվեք, մեր բարեկամ լինելու առջեւ արգելքներ չեն լինի»։
Դավութօղլուն նշել է, թե Կովկասում խաղաղության համար հարմար իրավիճակ է եւ Ադրբեջան-Հայաստան երկխոսության մեջ կա առաջընթաց։ «Սարգսյանը Ալիեւի հետ հանդիպեց։ Մենք էլ հանդիպումներ ունեցանք։ Մեր վարչապետի հետ Ռուսաստան կատարած այցի ժամանակ նախագահ Պուտինի հետ ընդարձակ ձեւով քննարկեցինք Կովկասի իրավիճակը»,-ասել է Դավութօղլուն՝ պնդելով, թե հիմնական նախաձեռնությունն իրենցն է։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 5-ի երեկոյան Կիեւում հայտարարել է, թե ստացել է Հայաստանի հրավերը եւ գալիս է Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին: