Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:
Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում ցուցադրվել են ասեղնագործության, խեցեգործության, կերամիկայի, փայտի փորագրության, բատիկայի եվ նկարչության, ավելի քան 70 ձեռքի աշխատանքներ:
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել է հաշմանդամություն ունեցող երեխաների եվ երիտասարդների ձեռքի աշխատանքների պատրաստումը: «Սա եզակի հնարավորություն է նրանց համար իրենց ստեղծագործական հմտությունները զարգացնելու եվ գեղարվեստական ներուժն արտահայտելու համար: Հուսով ենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար նման հնարավորություններ ավելի շատ կլինեն ապագայում»,- նշեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորեց հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար: «Այս ցուցահանդեսը եվս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա»,- նշել է Արենսը: «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ: Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին՝ հաճախելով հանրակրթական դպրոց եվ օգտվելով առողջապահության եվ սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաեւ իրենց հասակակիցների հետ խաղալու եվ ընկերանալու իրավունքից»:
Տկն Հենրիետ Արենսը նաել նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ: Իրազեկման արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը՝ դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական եւ կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ եւ աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն: