ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրից:
Շնորհավորելով սփյուռքահայ ուսանողներին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի երիտասարդներ, դուք հնարավորություն եք ունեցել ապրել և դաստիարակվել այլ հասարակարգում, ինչը հնարավորություն է տվել մտածել ավելի ազատ` այսպիսով ձևավորելով ձեր մեջ ավելի լայն աշխարհայացք»:
Տիկին Հակոբյանն ուսանողներին պատգամեց լավ սովորել, լինել մրցունակ, լինել գաղափարներով հարուստ և նորարար` 21-րդ դարի արժանի սերունդ, լավ քաղաքացի, ամենուրեք պահպանել ազգային դիմագիծը և մարդկային բարձր նկարագիրը:
Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց անցած տարվա ընթացքում նախարարության ծրագրերին առավել ակտիվորեն մասնակցած հասարակական գործունեություն ծավալած և բարձր առաջադիմություն ցուցաբերած 10 սփյուռքահայ ուսանողի:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին սփյուռքահայ ուսանողության հանդեպ ուշադրության և հոգածության համար` խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշեց. «Երիտասարդները առավելի մեծ ոգևորությամբ են աշխատում, երբ նրանց գործը գնահատվում է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ այս հանդիպումը և այս գնահատանքը մեծ լիցքեր կհաղորդի մեզ»:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ