«Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։
Կոնսերվատորիայի փողային նվագախումբն ու կատարողները, Երեւանի քաղաքապետարանի «Սիթի տուրի» ավտոբուսով շրջելով Երեւանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, տոնական տրամադրություն էին ստեղծում՝ ուսանողներին շնորհավորելով երիտասարդական տոների առթիվ։
«Երիտասարդական տոներին, որպես կանոն, երիտասարդներին են հրավիրում այս կամ այն միջոցառմանը։ Այս անգամ, սակայն, որոշել ենք ինքներս գնալ բուհեր, որպեսզի ավելի շատ ուսանողներ ստանան շնորհավորական մեր ուղերձը»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ «Երաժշտությունն անիվների վրա» ծրագիրը դարձել է երիտասարդական տոների անբաժան մասը եւ սպասված միջոցառում ուսանողների կողմից։
Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ Լեւոն Այվազյանն էլ նկատեց, որ բուհի ուսանողական խորհուրդն արդեն երրորդ տարին մասնակցում է այս միջոցառման կազմակերպմանը, եւ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am