«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասնակից Ջավախքի «Վաչյան» պարի համույթը հուլիսի 4-ին հյուրընկալվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Այստեղ նրանց ընդունեցին փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության պետ Ա.Արշակյանը, համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյաը և «Իմ Հայաստան» փառատոնի մշակութային բաժնի վարիչ Լ.Ավետիսյանը: Մասնակցության հավաստագիրը և փառատոնի խորհրդանիշը համույթի ղեկավարին հանձնեց փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը:
«… սա շատ ավելին է, քան մասնակցությունը: Դուք ձեզ հետ կտանեք այն ամենը, ինչ տեսել եք այստեղ: Ձեր խնդիրը, առաքելությունը շատ ավելին է, քան ուղղակի մասնակցությունը: Մենք միասին պետք է լծվենք ազգապահպանության գործին»,- նշեց Ա. Արշակյանը:
Մասնակիցներն էլ կիսվեցին իրենց տպավորություններով: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում` ուրախ ու տպավորված: Խմբի պարուսույց և ղեկավար Նասլեդ Քեյանն շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանն այսքան շքեղ փառատոն կազմակերպելու և իրականացնելու համար` նշելով,- «Շատ տպավորված եմ այս փառատոնից և կարծում եմ, որ այս տարի ամեն ինչ շատ ավելի լավ էր կազմակերպված, իսկ մասնակիցների նկատմամբ ցուցաբերված ուշադրության մասին էլ խոսք չկա»:
Փառատոնի ղեկավար Ս. Հարոյանը բարի երթ մաղթեց երեխաներին` մեջբերելով Լևոն Միրիջանյանի խոսքերը հայրենի տան մասին. «Օջախիս օջախն ե′ս, Հայաստան, ուրեմն իմ տունն ես նաև, և ես չեմ կարող քեզ տանս աչքով չնայել»: