Ռուսաստանի «Սպորտ-Էքսպրես» հրատարակությունը 14-րդ անգամ անցկացրել է հարցում՝ իր տեսաբանների եւ թղթակիցների համար, որոնք որոշել են Ռուսաստանի լավագույն մարզիկ՝ տարվա արդյունքների համաձայն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, քվեարկության արդյունքների համաձայն, որին մասնակցել է 100 լրագրող, լավագույնը ճանաչվել է Երեւանում ծնված 29-ամյա թեթեւ ատլետ (բարձրության ցատկումներ) Աննա Չիչերովան: Առաջարկում ենք ընթերցողների ուշադրությանը «Սպոր-Էքսպրեսի» թղթակցի մարզուհու հետ ունեցած հարցազրույցը, որում, մասնավորապես, ասվում է իր արմատների եւ «երեւանյան ծագման» մասին:
- Բոլոր աղբյուրներում գրված է, որ դուք ծնվել եք Երեւանում: Բայց մի տեղյակ մարդ ինձ ասաց, որ դա ճիշտ չէ:
- Տեղյակ մա՞րդ: Ծննդատան մանկաբա՞րձ: Ընդհանրապես ասած՝ այո, ճիշտ չէ, թեեւ իմ անձնագրի «ծննդյան վայրը» սյունակում գրված է Երեւան: Իրականում ես ծնվել եմ Ռոստովի մարզի Բելայա Կալիտվա քաղաքում: Մենք տեղափոխվել ենք Երեւան իմ ծնունդից մի ամիս հետո եւ ապրել այնտեղ 10 տարի: Իմ մայրը բասկետբոլ է խաղացել հանրապետության հավաքականում: Իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ամբողջ ընտանիքով վերադարձել ենք Բելայա Կալիտվա: Հիշում եմ, որ իմ մայրը երկար ժամանակ մտահոգված է եղել ծննդյան վկայականում կատարված գրառումով: Տարօրինակ ժամանակ էր… Ոչ ոք հաստատ չգիտեր, թե ինչ կլինի...
- Բոլորը հավատում են, որ դուք ծնվել եք Երեւանում, նաեւ այն պատճառով, որ արտաքինով Դուք մի-փոքր նման եք հայի:
- Իմ հայրը կիսահայ է: Պապս ռուս էր, իսկ տատս՝ հայ, եւ դա, երեւի, ազդել է իմ արտաքինի վրա: Ի դեպ, մեր մեկնումից հետո ես չէի եղել Երեւանում մոտ 18 տարի: Առաջին անգամ ես ընկա այնտեղ 2009 թվականին, երբ մենք գնացինք Ծաղկաձոր՝ հավաքի: Աշուն էր, մարդիկ չոր տերեւներ էին վառում, եւ այդ հոտը՝ իմ մանկության հոտը ես ճանաչեցի հենց միանգամից, երբ որ իջա ինքնաթիռից:
