Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար և գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանը («Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի վարիչ, պ.գ.դ. Էդուարդ Դանիելյանը («Գարեգին Նժդեհի գաղափարախոսության նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության գործում»), Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Խաչատուր Ստեփանյանը («Գարեգին Նժդեհը հայապահպանության և ազգային դաստիարակության հարցերի շուրջ»), ԵՊՀ փի¬լի¬սո-փայության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը («Ազգային ինքնության նժդեհյան նախագծի շուրջ»), պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը («Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեության շուրջ»), փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Արմեն Սարգսյանը («Ցեղակրոնությունը և ազգային ինքնության պահպանման հիմնահարցը») և Սիլվա Պետրոսյանը («Գարեգին Նժդեհը հայկականության պահպանման և հանդուրժողականության որոշ հարցերի շուրջ»), ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ, պ.գ.թ. Արման Եղիազարյանը («Գարեգին Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի շուրջ («Մեր ապագան վտանգված» գրքի արդիականությունը)») և այլք:
Ներկայացվեցին դրվագներ Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից, ինչպես նաև Գ.Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի, ազգային ինքնության պահպանման հիմնահարցի, տնտեսագիտության և հայության տնտեսական կյանքի կազմակերպման վերաբերյալ և այլն:
ՀՀ սփյուռքի նախարարություն