Նոյեմբերի 29-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է «Հավերժական կտակ» վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը՝ Արցախյան պատերազմի հերոս, պահեստային մայոր, Արցախի Մարտական Խաչի շքանշանի ասպետ Պավլիկ «Ապարանցի» Մանուկյանի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ֆիլմը շատ ուժեղ տպավորություն է թողել ներկաների վրա: Հանդիսատեսների մեծ մասը դահլիճից արցունքն աչքերին էր դուրս գալիս: Ոմանք չէին կարողանում գտնել այնպիսի խոսքեր, որպեսզի արտահայտեն իրենց հույզերը: Ցուցադրման ժամանակ կինոդահլիճում գտնվող Պավլիկ Մանուկյանին մարդիկ ոտնկայս են ողջունել՝ երեք անգամ:
Արդյոք պատերազմի՞ մասին է այդ ֆիլմը: Ավելի շուտ՝ ոչ: ֆիլմը Հայրենիքի հանդեպ անվերջ սիրո, հայրենի հողի նկատմամբ հավատարմության եւ գլխավոր հերոսի զոհողության մասին է, ինչը նա պատրաստ է բազմիցս կրկնել Արցախը պահելու համար: Ողջ ֆիլմի ընթացքում զգացվում է կորուստի ցավը. այդ մարտում գլխավոր հերոսը կորցրել է իր ընկերներին ու զինակիցներին, եւ ժամանակն անգամ չի կարող մեղմել այդ ցավը: Երաժշտական ուղեկցությունը, 92–94 թվականների արխիվային ձայնագրությունները, Արցախի հիասքանչ տեսարանները հնարավորություն են տալիս ֆիլմի ոգով տոգորվելու՝ նույնիսկ առանց լեզու իմանալու: Իսկ տվյալ պատմության փաստերը անմիջապես պատերազմի մասնակցի եւ ականատեսի շուրթերից պարզապես ցնցող են:
Չնայած դրան, այդ ֆիլմը տխուր է, բայց դրա մեջ կա հավատ՝ հաղթանակի, ապագա սերունդի եւ իր երկրի նկատմամբ: Իր որդու հետ Պավլիկի ունեցած խոսակցությունը եւ երդում տվող զինվորներին ուղղված հերոսի խոսքերը դրա հրաշալի ապացույց է: