«Ես չեմ հիշում այնպիսի ջերմ ընդունելիություն, ինչպիսին տեսա Արմավիրում…» – խոստովանել է «Սայաթ Նովա» Հայաստանի ժողովրդական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցած միակ համերգից հետո:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, քաղաքի մշակույթի պալատի փոքր բեմում տեղի ունեցած հռչակավոր կոլեկտիվի համերգը նշանակալից է դարձել արմավիրցիների համար: Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղի նախագահ Ս.Ղարիբջանյանը արտիստներին շնորհակալություն է հայտնել «արմատների և բարձր արվեստի հետ շփման երկու անմոռանալի ժամի համար», իսկ Թովմաս Պողոսյանի տաղանդի վաղեմի երկրպագու և Արմավիրում համերգի կազմակերպման նախաձեռնողներից մեկը Ալվարդ Հայրապետյանը վարպետին ժամացույց է նվիրել:
Ուրախ ենք նշել, որ ավագ սերունդի ներկայացուցիչներից բացի դահլիճում կային շատ երիտասարդներ: Համերգից հետո մի խումբ երիտասարդներ մոտեցան վարպետին՝ խնդրելով նրան իրենց հետ երգել «Հայեր, միացե՜ք» երգը: Հայտնի երգի կատարումը այնքան ոգևորեց Թովմաս Պողոսյանին, որ նա բացականչեց. «Նրա՜նք են իմ թևերը»:
Արմավիրը դարձել է «Սայաթ Նովա» անսամբլի ռուսաստանյան հյուրախաղերի վերջին կետը: Սակայն արմավիրցիները երկար ժամանակ չեն մնա առանց Հայաստանի մշակույթի գործիչների ուշադրության, քանի որ շուտով տեղի կունենան Հայաստանի «Բարդիներ» հռչակավոր պարի անսամբլի հյուրախաղերը: Այդ անսամբլի ղեկավարը եղել է վերջերս վախճանված Վանուշ Խանամիրյանը: Համաձայն եղած պայմանավորվածությունների, հայ պարի մեծ վարպետը նոյեմբերին պետք է անձամբ բերեր Արմավիր իր կոլեկտիվը, բայց մահը նրան թույլ չտվեց իրականացնել ուզածը: Այնուամենայնիվ, արմավիրցիները որոշեցին չեղյալ չհայտարարել ծրագրված հյուրախաղերը: Հովանավորներ Ալիկ Մկրտչյանի, Կամո Հայրապետյանի, Գրիգորի Սահակյանի, Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղի եւ «Արմավիր» պարային կոլեկտիվի ղեկավար Էդգար Թոխյանի ջանքերի շնորհիվ, ի հիշատակ մեծ պարողի նրա կոլեկտիվը դեկտեմբերի սկզբին երեք համերգներով հանդես կգա Արմավիր, Կրասնոդար եւ Սոչի քաղաքներում:
Մարիետա Մալումյանի նյութով (ք. Արմավիր)