Նոյեմբերի 5-ին Դոնի Ռոստով քաղաքում կայացել է Ռոստովի մարզում բնակվող ջավախահայության ներկայացուցիչների հանդիպում: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հանդիպումը կազմակերպվել է «Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնք» Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության և «Ջավախյան Սփյուռք» հասարակական կազմակերպության (կենտրոնը գտնվում է Մոսկվայում) նախաձեռնությամբ: Հանդիպմանը ներկա էին «Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնքի» նախագահ Հարություն Սուրմալյանը, «Ջավախյան Սփյուռք» կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյան, Ռոստովի մարզի հայ հասարակության ներկայացուցիչներ, երիտասարդության և ուսանողության ակտիվիստներ:

Աղասի Արաբյանը պատմել է իր գլխավորած կազմակերպության գործունեության և ապագա ծրագրերի մասին, ինչպես նա և ներկաներին ծանոթացրել Ջավախքում բնակվող հայերի խնդիրների հետ: Շոշափվել է նաև քաղացիական և քաղաքական բնույթ կրող մի շարք հարցեր, այդ թվում նաև 2012 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ու 2013 թվականի Վրաստանի նախագահի ընտրությունները: Բացի դրանից, քննարկվել են Վրաստանի ՆԱՏՈ-ին անդամակցելու մտադրությունը, Վրաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքումը և, իհարկե, մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերը՝ կապված, մասնավորապես, Ջավախքում հայոց լեզվի ուսումնասիրման և օգտագործման և կրոնական խտրականության խնդիրների հետ՝ ինչպես Ջավախքում, այնպես նաև Վրաստանում ընդհանրապես: «Տարածաշրջանում հայ հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների բացակայությունը, ինչպես նաև հայ ակտիվիստների վրա ճնշում գործադրելն ու նրանց հետապնդումը Վրաստանի այժմյան իշխանությունների ընտրած տոտալիտար ռեժիմի հետևամքներն են», – նշել է Աղասի Արաբյանը:
Զրույցին ակտիվորեն մասնակցել է «Դոնի Նոր Նախիջևանի հայ համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Սուրմալյանը: Լինելով ծնունդով ջավախցի, նա արտահայտել է մի շարք հետաքրքիր կազմակերպչական և այլ առաջարկներ:
Ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար հանդիպման ընթացքում առաջարկվել է «Ջավախյան Սփյուռք» հասարակական կազմակերպության Ռոստովի տարածաշրջանային կառուցվածքային ստորաբաժանումի ստեղծման հարցի քննարկումը:
Հանդիպումից հետո հաջորդ օրը Մոսկվայից ժամանած հյուրերը այցելել են Մեծ Սալա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի (ավագ քահանա՝ Տեր Անանիա Բաբայան), որտեղ պատարագից հետո ծաղիկներ ու պսակներ են դրել ռեպրեսիաներից զոհված Մեծ Սալա գյուղի ծխական դպրոցի քահանաների և ուսուցիչների վերջերս տեղադրված հուշահամալիրին: