Նյու-Յորքում բնակվող Ջոն Մորգենշթերնը «The New York Times»-ի բլոգում պատմել է հայկական ամանօրյա անակնկալի մասին: Նա գրում է, որ անցյալ շաբաթ Նյու-Յորքի Քենեդու օդանավակայանից տուն վերադառնալիս տաքսիում որոշել է չմիացնել ականջակալները եւ խոսել վարորդ Քարլի հետ: «Ես հայտնեցի իմ հասցեն: Մենք խոսեցինք եղանակից: Հարցրեց, ծագումով որտեղից եմ: Ինչ-որ պահի հասանք ծնողներիս, որոնք ապրում են Լոս-Անջելեսում»,- պատմում է հեղինակն իր նամակում:
«Ես առաջ ապրել եմ այնտեղ: Գլենդելում հայկական մեծ համայնք կա»,- պատասխանեց տաքսու վարորդ Քարլը: «Սպասիր, դու հա՞յ ես: Ես նույնպես հայ եմ, թեեւ 25 տոկոսով: Մորս ազգանունը Թութելյան է»,- ասել է Ջոն Մորգենշթերնը: Քարլը մեկնել է ձեռքն ու ասել, որ իր ազգանունն է Բաքալյան:
Այնուհետ զրուցեցինք ամեն հայկականի մասին, հատկապես ուտեստների: «Ես նշեցի, որ լահմաջո եմ սիրում՝ հայկական բարակ պիցցան գառան մսով եւ համեմունքներով»,- նշում է հեղինակը: Իսկ Քարլը խորը շունչ քաշեց. «Ախ, լահմաջո: Ե՞րբ ես վերջին անգամ լահմաջո կերել: Իմանալով, որ վերջերս, նա շարունակեց. «Դու դրանից Բրուքլինում չես գտնի: Սակայն «Մասիսում» եւ Սաննիսայդում կա: Ես կարող եմ բերել քեզ համար»:
Հինգ օր անց զնագահարեց Մորգենշթերնի հեռախոսը: «Իջիր ներքեւ, ես անկյունի մոտ եմ: Շտապում եմ»,- ասաց ձայնը հեռախոսից: Տղամարդը ցած իջավ եւ շտապեց Քարլի մեքենայի մոտ: Նա հանեց երկու տասնյակից էլ ավել լահմաջո եւ մեկնեց Մորգենշթերնին: «Սա իմ հայկական ամանորյա նվերն է քեզ,- ասաց նա:- Պետք է վազեմ»:
Մորգենշթերնին հուզեց ամանորյա այս անակնկալը: «Ես հազիվ կարողացա շնորհակալություն հայտնել, նախքան Քարլը նստեց մեքենան ու հեռացավ: Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Քարլ»,- եզրափակում է Նյու-Յորքի բնակիչը: