Ղրիմի հայկական համայնքը եւս սպասում է կայանալիք հանրաքվեի արդյունքներին, յուրաքանչյուրը պետք է գնա ու իր կարծիքն արտահայտի, անկախ նրանից հայ է, ռուս, թաթար կամ որեւէ այլ ազգի ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:
Ըստ նրա՝ Ղրիմում հայ ազագաբնակչության հանդեպ առանձին գործողություններ տեղի չեն ունենում: «Ինչպես բոլորը, այնպես էլ հայերը: Հանրաքվե է նախապատրաստվում, այն կայանալու է առաջիկա կիրակի: Իրավիճակը լարված է, բոլորը հուզված են: Սակայն Սիմֆերոպոում կյանքը սովորական ռեժիմով է ընթանում»,-ընդգծել է Մելքոնյանը:
Մելքոնյանը նաեւ հաղորդել է, որ մարտի 12-ին կկայանա Ղրիմի հայկական համայնքի ազգային խորհրդի ժողովը, որին ներկա կլինեն բոլոր անդամները: «Այդ ժողովի ժամանակ կարտահայտվի մեր դիրքորոշումը՝ կապված Ղրիմում ներկայումս տիրող իրավիճակի հետ: Սակայն այն չի ձեւակերպվի որպես քաղաքական դիրքորոշում»,-ընդգծել է Ղրիմի հայկական համայնքի նախագահը: