Երեւանում փետրվարի 28-ին տեղի է ունեցել երթ՝ դեպի 1988թ սումգայիթյան ջարդերի զոհերին նվիրված խաչքար, որը գտնվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում:
Երթին մասնակցել են ադրբեջանական Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչները, որոնք կարողացել էին փրկվել դաժան ջարդերից: Նրանք անցել են անասելի տառապանքների միջով, կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին, դարձել հաշմանդամներ: Երթին մասնակցել է նաեւ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են սումգայիթյան կոտորածների զոհերի հիշատակը: