Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները պայմանավորված են 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի նկատմամբ ընդհանուր եվրոպական քաղաքականությամբ, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Կարծում եմ, որ կլինի ընդհանուր եվրոպական քաղաքականություն, որն առաջին հերթին կոչ կանի Թուրքիային` հաշտվել սեփական պատմության հետ եվրոպական փորձի օրինակով, քանի որ այդ երկիրը ցանկանում է Եվրոպայի մաս դառնալ», – ասել է Դեմոյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` փետրվարի 7–ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան պետք է առերեսվի իր պատմության հետ Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև բացի Հայաստանի հետ սահմանը։ Կանցլերն այդ մասին հայտարարել է Էրդողանի` Հայոց ցեղասպանության մոտեցող 100–ամյակի հարցում զգույշ լինելու նախազգուշացումից հետո։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 26–ին` Թուրքիա կատարած այցի առաջին օրը, կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ճանաչել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը` ընդգծելով, որ «նման իրադարձությունների մասին հիշելը միշտ ցավալի է, սակայն` անհրաժեշտ»։ Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրենքը։
«Եթե դու ցանկանում ես դառնալ Եվրոպայի մի մասը, ապա պետք է խաղաս Եվրոպայի կանոններով, որոնցից մեկը սեփական պատմության հետ հաշտվելն ու կատարված մեղքերի համար զղջալն է», – ավելացրել է Դեմոյանը։
Նա հատկապես անդրադարձավ Գերմանիայի դիրքորոշմանը` նշելով, որ գերմանական կողմին չի կարող չանհանգստացնել այն, որ 2015 թ.–ին կհիշատակվի Հայոց ցեղասպանության իրականացման մեջ կայսերական Գերմանիայի մասնակցությունը։
«Գերմանիան Եվրոպայի հզորագույն պետություններից մեկն է` իր շահերով հանդերձ, և այստեղ չի կարելի բացառել Գերմանիայի իմիջային հետաքրքրությունները, որը չի ցանկանում Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի նախաշեմին և հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100–ամյակին, ասոցացվել Թուրքիայի հետ», – ասել է Դեմոյանը։
Նա նաև նշել է, որ Մերկելը բարոյական իրավունք ունի նման բան ասել Էրդողանին, քանի որ Գերմանիան ժամանակին ընդունել է իր կատարած հանցագործությունը հրեաների նկատմամբ։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
ar.newsarmenia.ru