Եվրամիության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված կոնկրետ քայլ կարող է հանդիսանալ համաեվրոպական օրենսդիր բազայի ստեղծումը՝ ուղղված ժխտումը քրեականացնելուն: Այս մասին փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պետք է նայի իր պատմության աչքերին:
Փորձագետն ընդգծել է, որ նա զգուշությամբ է վերաբերում մնան հայտարարության մասին հաղորդագրություններին: «Թուրքական լրատվամիջոցները բավականին մանրամսնորեն են լուսաբանել Էրդողանի այցը Գերմանիա: Սակայն միայն որոշ ժամանակ անց «Hurriyet»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հրապարակեց Անգելա Մերկելի ու Էրդողանի այդ խոսակցությունը»,-պարզաբանել է նա:
Հովսեփյանի խոսքով՝ եթե ենթադրենք, որ այդ խոսակցությունն իսկապես տեղի է ունեցել, ապա այդ հայտարարությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիայում արված հայտարարությունը , կարելի է կապել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու հետ:
«Հայոց ցեղասպանության նախաշեմին ակտիվանում են գործընթացները ինչպես Թուրքիայի կողմից, այնպես էլ՝ միջազգային հանրության, բայց թե ինչ միտումներ դրանք կունենան, մենք կտեսնենք ապագայում»,-նշել է թուրքագետը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հայտարարությունից հետո պետք է լինեն կոնկրետ գործողություններ, հակառակ դեպքում դրանք քաղաքական հռչակագրեր են դառնում:
Նշենք, որ թուրքական «Hurriyet» թերթի հրապարակման մեջ նշվել է, որ վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Գերմանիային զգոն լինել Հայկական հարցում: Այդ «նախազգուշացմանն» ի պատասխան Մերկելն ասել է. «Գերմանիան ժողովրդավարական երկիր է, մենք չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Հայաստանի հայերը գտնվում են ծանր վիճակում: Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»: