Թուրքիայի քրդական «Օզգյուր գյունդեմ» պարբերականի սյունակագիր Այշե Գյունայսուն հայերին ուղղված Օջալանի ուղերձը քննադատողներին պատասխանել է «Օջալանին քննադատելիս ծուռ նստող ծուռ խոսացողները» հրապարակումով։
Այշե Գյունայսուի հրապարակումը ներկայացնում ենք Akunq.net-ի թարգմանությամբ։
Հայերին ուղղված նամակում Բեսե Հոզաթի խոսքերին տեր կանգնելու համար Աբդուլլահ Օջալանին առավել խիստ քննադատողների մեջ առկա է նաև թուրք ընդդիմադիր մտավորականության մի խավ, որն ինքնավարություն պահանջող քրդերին «քուրդ ազգայնական» է անվանում, Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցում համառ եղող հայերին` «հայ ազգայնական», և կարծում, թե այս երկու ազգայնականությունները «վատ» են, քանի որ չեն տարբերվում թուրքական ազգայնականությունից: Սույն թուրք մտավորականության խավը, որն, ըստ իմ համոզման, էական դերակատարում ունի այս երկրի` ժողովրդավարության, մարդու իրավունքների, մտքի ազատության ուղղությամբ փոխվելու գործում, միևնույն ժամանակ ստանձնել է հաճախակի զսպանակը սեղմելու գործառույթը:
Օրինակ` հայերի դեմ կատարված «զուլումը», «կոտորածը», «մեծ աղետը» տեսնենք, հասկանանք, ցավը կիսենք, ազատվենք այն չտեսնելու հետամնաց մտայնությունից, առաջ գնանք, բայց` մինչև որոշակի տեղ: Այդտեղ սեղմենք զսպանակը. չօգտագործենք Ցեղասպանություն բառը: Չպայքարենք Ցեղասպանության ժխտման դեմ: Օտար երկրները թող չարգելեն Ցեղասպանության հերքումը: Թող այստեղից ձայներ չհնչեն Ցեղասպանության ժխտումն արգելելու դեմ: Թող հայկական սփյուռքը չաշխատի Թուրքիայի դեմ: Ի տարբերություն այստեղի «լավ» հայերի` սփյուռքի «վատ» հայերը թող վնաս չտան Թուրքիայում ընթացող ժողովրդավարության պայքարին:
Օրինակ` Բասքըն Օրանը Օջալանի նամակի վերաբերյալ գրած իր քննադատական հոդվածում զուգահեռներ է անցկացնում Էրդողանի և Օջալանի միջև. «Դա Էրդողանն ավելի վաղ Դիարբեքիրում էր արել: Օջալանի, Վերին Միջագետքում և Սիրիայում քաղաքական մրցակից Բարզանիին հրավիրելով, երբ «գործընթացում» նրա զուգընկերոջը հանել էր Օջալանի դեմ, միջոցներ էր ձեռնարկել նաև քրդերի հավանական հակազդեցության դեմ. արտասանել էր «Քուրդիստան» բառը: Այսքան տարի եղած վատ նյութական պայմանների, բայց հիմնականում ինքնության ժխտման դեմ կիրառված դույզն-ինչ սփոփող մի բառ, որը մի փոքր կհովացներ «լեռնային թուրքեր» քրդերին` «Քուրդիստան»»:
Բասքըն Օրանը նշում է, թե Օջալանն էլ է նույն բանն անում. «Ցեղասպանություն» բառն օգտագործելով` «հովացնում է հայերի սիրտը»: Որպես նման պատեհապաշտ, օպորտունիստական մարտավարություն ներկայացրածն իրականում, ինչպես նշում է «Ակօսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը, այնպիսի մի բան էր, որ Թուրքիայում մեկ այլ քաղաքական գործչից լսելը երևակայել անգամ չէր կարելի. Օջալանը Թուրքիային կոչ էր արել ճանաչել Ցեղասպանությունը:
Նույն Բասքըն Օրանն այն անձն էր, ով հիշյալ հոդվածը գրելուց երկու շաբաթ առաջ` 2014 թ. հունվարի 18-ին, Անկարայի Մտքի ազատություն նախաձեռնության և Արևմտահայոց ազգային խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված` «Հրանտ Դինքի մահափորձին անդրադառնալ` 2015-ի հեռանկարով» խորհրդաժողովում դեմ էր հանդես եկել 1915-ը որպես «Ցեղասպանություն» բնորոշելուն: Նա պահանջել էր Ցեղասպանություն բառի փոխարեն կիրառել կոտորած բառը: Նա «չափից դուրս արմատական» էր համարել այն պահանջների տեսքտի առաջին երկու հոդվածները, որ մտադիր էին որպես հայտարարություն հրապարակել, պահանջել, որ դրա համար առանձին ժողով գումարեն, այդպիսով խոչընդոտել, որ վերոնշյալ ֆորումի վերջնական հայտարարությունը հրապարակվի, և տեսքտը հրատարակվել էր որպես Անկարայի Մտքի ազատություն նախաձեռնության հաղորդագրություն: «Չափից դուրս արմատական» համարված երկու պահանջները հետևյալն էին.
1. Ճանաչում, ներողություն և հատուցում. ճանաչումից հետո անկեղծ ներողություն և մեղավորների բացահայտում: Օրինակ` որպես նախագահական նստավայր օգտագործվող` Քասապյան ընտանիքի առանձնատունը վերադարձնել նրա այժմյան ժառանգորդներին:
2. Վերջ տալ ժխտողականությանն ուղղված գործունեությանը. լուծարել վարչապետարանին կից գործող «Անհիմն Ցեղասպանության պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը»:
Այսինքն, կարճ ասած, դեմ-հանդիման ենք հետևյալ իրավիճակին. այն Բասքըն Օրանը, ով համոզված է, թե Ցեղասպանություն բառը չպետք է կիրառել, Ցեղասպանության հերքման դեմ պայքարը «չափից դուրս արմատական» է համարում, ժխտման դեմ պայքարին ուղղված խորհրդաժողովը որոշ առումով սաբոտաժի է ենթարկում, այս անգամ շրջվում է և Օջալանի` ժխտողականության դեմ ուղղված և Ցեղասպանության ճանաչումը պահանջող խոսքերը հավասարեցնում Էրդողանի էժանագին խորամանկությանը և արհամարհում դրանք:
Ինքս, որպես այս սյունակում Օջալանի և Քրդական ազատության շարժման առաջնորդների` թուրք-քրդական իսլամական եղբայրությունը հիշեցնող խոսքերը և Հայկական հարցի նկատմամբ տեսակետը բազմիցս քննադատած հեղինակ, բոլորին կոչ եմ անում` Օջալանին քննադատելիս ծուռ նստել, բայց շիտակ խոսել: