Մարինե Սամսոնյանը ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու: Բակալավրային կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում (տեսական ֆիզիկայի ամբիոն), ապա մեկնել է Հռոմ ու տեղի Տոր Վերգատա համալսարանում շարունակել ուսումն ասպիրանտուրայում: 2011 թվականին Հռոմում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ «Սեր դեպի ֆիզիկան իմ մեջ սերմանեց պարոն Գեղամը, ում մոտ ես նախապատրաստվում էի ընդունելության քննություններին»,- պատմում է Մարինեն: Սիրում է ասույթներ, սիրելի ասույթներ շատ ունի, բայց Կոկո Շանելի հետևյալ ասույթն ամենահաճելին է` «Մի վախեցիր փոփոխություններից և օտար կարծիքներից: Եղիր հիասքանչ, թեկուզև՝ սխալ՝ շրջապատի համար և ինքնավստահ-երջանիկ` քեզ համար»։ Ներկա պահին գտնվում է Իտալիայում, խնամում է իր 9 ամսական փոքրիկին: Փոքրիկի ծնունդն էլ հենց կյանքում շրջադարձային պահերից մեկն է համարում, իսկ, օրինակ, մասնագիտական կարիերայի տեսակետից` այն, որ կարողացել է շահել Մարի Կյուրի թոշակ՝ ասպիրանտուրայում սովորելու համար և մեկնել Հռոմ։ Ի դեպ, Մարինեն սիրում է նաև ճամփորդել (բայց ոչ միայնակ), տեսնել նոր մարդկանց, նոր երկրներ, նոր բարքեր ու սովորություններ, ճանաչել նոր մտահորիզոններ:
Աշխատել է ոչ խոտորումային տրամաչափային և լարերի տեսությունների խնդիրների վրա ու այդ տեսություններն իրար կապող հոլոգրաֆիկ առնչության վրա: Ատենախոսության վերնագիրն է՝ «Ոչ խոտորումային երևույթները տրամաչափային և լարերի տեսություններում, նրանց հոլոգրաֆիկ կապը»: Վերջերս հետազոտում էր սև խոռոչների տեսական խնդիրները՝ նույն լարերի տեսության շրջանակներում: Աշխատանքները մեկ կամ երկու համահեղինակներով են.
-Տեսական ֆիզիկայում, եթե անունդ հոդվածում նշված է, արդեն իսկ նշանակում է, որ ներդրումդ էական է: Իսկ հեղինակների անունները սովորաբար գրվում են՝ ըստ այբբենական կարգի:
Համագործակցել է Գերմանիայի Բոնի համալսարանի, Հռոմի համալսարանի, Ֆրասկատիի ազգային լաբորատորիայի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների հետ: Նշում է, որ Հայաստանում գործող գիտնականը չի կարող արտասահմանում գտնվող իր գործընկերոջը գիտական այցով Հայաստան հրավիրել, քանի որ ֆինանսներ չկան: Արտասահմանում այս խնդիրը չկա, այդ իսկ պատճառով տարբեր երկրներում գործող խմբերի միջև համագործակցությունն ավելի ակտիվ է։
-Հայաստանում իհարկե կա ներքին համագործակցություն, սակայն, իմ կարծիքով, տարբեր խմբեր այնքան էլ ակտիվ չեն շփվում միմյանց հետ, իսկ նույն խմբի, նույն խնդրի վրա աշխատող գիտնականների գիտական շփումները շատ են: Իհարկե, եթե մի գիտնականի փորձն ու գիտելիքներն են անհրաժեշտ լինում, շփումն անխուսափելիորեն լինում է:
Տպագրությունները՝ գտել ու շարունակում են գտնել իրենց արձագանքն ու կիրառությունը գիտական հանրության կողմից: Աշխատանքները ներկայացրել է Ամստերդամում, Երևանում տեղի ունեցած գիտաժողովներում, սեմինարների ձևով` Բոնի համալսարանում, Հռոմի Տոր Վերգատա համալսարանում, Ֆրասկատիի գիտական լաբորատորիայում:
Ընդգրկված է եղել Երևան-Բոն համագործակցության ֆոն Հումբոլտ ծրագրում` որպես երիտասարդ մասնակից, ստացել է Մարի Կյուրի կրթաթոշակ, իտալական ասպիրանտուրայի կրթաթոշակ, «Գ. Ծառուկյան» հիմնադրամի խրախուսավճար՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների համար:
-Տարատեսակ մրցանակներին շատ լավ եմ վերաբերվում, սակայն դրանք խնդիր չեն լուծում: Մրցանակ ստացած գիտնականը շատ կարճ ժամանակ անց նորից հայտնվում է նույն վիճակի մեջ: Իրավիճակը լրջորեն փոխելու համար պետք է գիտնականի (ոչ միայն երիտասարդ գիտնականի) աշխատավարձը բարձրացնել այնքան, որ հնարավոր լինի ապրել ու ընտանիք պահել Հայաստանում:
Երիտասարդական գիտական մրցանակաբաշխություններում կիրառվող տարբեր չափանիշների վերաբերյալ (ինդեքսավորվող տպագրությունների քանակ, ամսագրերի ազդեցության գործակից, հոդվածների հղումների քանակ, հ-ինդեքս և այլն) ասում է, որ բոլորն էլ կարևոր են, ու ամեն տարի տարբեր չափանիշներ կիրառելը հնարավորություն է տալիս, որ հաղթողները տարբեր լինեն:
-Կարծում եմ` մրցանակաբաշխություն կազմակերպողներն իրենց գործից շատ լավ են հասկանում. դա թողնենք նրանց: Բայց համամիտ եմ փորձարարների հետ, որ կա՛մ պետք է փորձարարների ու տեսաբանների համար մրցույթներն առանձին անցկացվեն, կա՛մ, ինչն իհարկե շատ ավելի գերադասելի ու ուրախացնող կլիներ, պետք է փորձարարներին զինել անհրաժեշտ նյութերով ու տեխնիկաներով: Այո՛, կարծում եմ, որ հ-ինդեքսն օգտակար կլինի տեսաբանների համար, իսկ փորձարարների մոտ կարելի է նայել հեղինակների հերթականությանը: Սա՝ ֆիզիկայում: Գիտության մյուս բնագավառների վերաբերյալ չեմ կարող ասել:
Մարինեի կարծիքով, Հայաստանում գիտության թերֆինանսավորման հիմնական պատճառը արժեհամակարգի խեղումն է վատ տարիներին: Իսկ թերֆինանսավորման պատճառով էլ հասարակության մոտ ձևավորվել է վատ կարծիք թե՛ գիտության, թե՛ գիտնականի մասին: Իրավիճակն ու հասարակության կարծիքը կարող է փոխել միայն ղեկավարությունը:
Գիտության զարգացման մեջ դրական միտումներ տեսնում է: Բայց դրանք հիմնականում մրցանակների տեսքով են: Իր կարծիքով, դա շատ քիչ է: Պետք է աշխատավարձերի կտրուկ բարձրացում, մանավանդ հիմա, երբ կյանքը Հայաստանում խիստ թանկացել է:
-Հայաստանում գիտնականի (ոչ միայն երիտասարդ) հիմնական խնդիրը թերֆինանսավորումն է, աշխատավարձի գրեթե բացակայությունը: Այդ հարցը լուծելուց հետո միայն կարելի է խոսել տարբեր սարքավորումների, նյութերի բացակայության մասին:
Կարծում է, որ ցանկացած մարդ, այդ թվում և գիտնականը, իրավունք ունի պաշտպանել իր շահերը: Ու, հետևաբար, ճիշտ է տարբեր հարթակներում բարձրաձայնել այսօր գոյություն ունեցող կենսական խնդիրները: Գիտնականը պետք է վաստակի միայն ի՛ր գործով: Այսօր Հայաստանում դա անհնար է: Այդ պատճառով էլ շատերն ուրիշ ուղիներ են փնտրում՝ ապրել կարողանալու համար:
Գիտության ոլորտում տարբեր արատավոր երևույթների տարածվածության մասին.
-Այո՛, գիտական աշխարհում ևս գենդերային խնդիր կա: Ես դրան բախվել եմ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: «Ֆիզիկոս կին» արտահայտությունը շատերի մոտ թերահավատություն է առաջացնում: Բայց ա՛յ կոռուպցիայի չեմ հանդիպել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում, իմ աշխատանքն էլ երբեք չի շահագործվել։
Քանի որ Մարինեն, ինչպես արդեն ասվել է, ասպիրանտուրան ավարտել է Հռոմի Տոր Վերգատա համալսարանում, ու այդ ընթացքում ապրել է Հռոմում, եղել է տարբեր երկրներում, մասնակցել տարբեր գիտաժողովների, համագործակցությունների, խնդրեցի համեմատել երիտասարդ գիտնականների գործունեության պամանները Հայաստանում և արտասահմանում:
-Արտասահմանում ուսանողներն ու երիտասարդ գիտնականներն ունեն ամեն ինչ` իրենց աշխատանքը կատարելու համար, իսկ Հայաստանում նրանք գրեթե ոչինչ չունեն: Արտասահմանում շատ են լինում սեմինարներ: Մարդիկ հնարավորություն ունեն տարբեր երկրներից գիտնականների հրավիրել այս կամ այն խնդիրները քննարկելու համար: Հայաստանում սա չկա: Արտասահմանում առողջ, ակտիվ գիտական մթնոլորտ կա, Հայաստանում սա շատ թույլ է արտահայտված: Շատ լավ կլիներ, եթե Հայաստանում էլ լիներ հետթեկնածուական կարգավիճակի համակարգը: Այն կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատելու հնարավորություն կտար տարբեր գիտական հաստատություններում, քանի որ Հայաստանում էլ կան շատ լավ պրոֆեսորներ, ում հետ աշխատելը կնպաստեր մասնագիտական դինամիկ աճին:
Վերջում հարց` Հայաստա՞ն, թե՞ արտասահման.
-Այս պահին հեռու ապագայիս մասին ոչինչ չեմ կարող ասել, ոչ մեկն էլ չի կարող ասել: Մի բան հաստատ է. ես չեմ փախչում իմ հայրենիքից և շատ կուզենայի իմ հարազատների կողքին ապրել: Մենք հայերս շատ խելացի ու ուժեղ ազգ ենք: Կուզենայի, որ Հայաստանի գիտնականներն այլևս չունենային կենսական խնդիրներ: Համոզված եմ, որ այս տիպի խնդիրների բացակայության դեպքում աշխարհի գիտական բարձունքները կլինեն նաև մերը:
.
Մանե Հակոբյան