Ռուսական արվեստի երեւանյան թանգարանում, «Մկրտության սրբապատկեր» տեղեկատվական-լուսավորչական ծրագրի շրջանակներում, օրերս տեղի կունենա «Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ եւ մեր օրերում» շարժական ցուցահանդեսը։
«Ուղղափառ մեկենանսների ռուսաստանյան ակումբի» խորհրդի նախագահ Անդրեյ Պոլկոնսկին այսօր՝ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ հիշյալ ցուցահանդեսը եղել է շատ երկրներում, եւ պատահական չէ, որ այն այսօր բացվում է նաեւ Երեւանում։ «Հայաստանն առաջինն էր, որ 301թ.-ին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն»,-ասել է նա:
Պալկոնսկին հավելել է, որ պատահական չեն ընտրվել ցուցահանդեսի կայացման օրերը. նոյեմբերի 21-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցուն ընծայման տոնը, իսկ Ռուսական ուղղափառ եկեղեցին տոնում է Միքայել Հրեշտակապետի օրը: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ծանոթանալ մկրտության սրբապատկերների ավանդույթի եւ սրբապատկերագրության դպրոցների ողջ համակարգի հետ։
Իսկ ռուս ուղղափառ Եկեղեցու՝ Էջմիածնի հետ ադմինիստրատիվ հարաբերությունների համակարգող Ալեքսանդր Վասյուտինի խոսքով՝ չնայած Ռուս ՈՒղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների որոշակի դավանաբանական տարբերություններին՝ միեւնույն է առկա է ընդհանուր հետաքրքրությունների շրջանակ:
Մենք գիտենք, որ սրբապատկերների պաշտամունքը Հայաստանում ընդունված չէ, սակայն այսօր կարելի է մարդկանց տներում, խանութներում, մեքենաների մեջ տեսնել սրբապատկերներ, իհարկե ոչ միշտ աղոթելու կամ երկրպագելու համար»,- ավելացրել է հոգեւորականը:
Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաեւ բարեգործական ակցիա, որն ուղղված կլինի Գյումրիում գիշերօթիկ հաստատության հիմնանորոգմանը, որտեղ սոցիալապաես անապահով ընտանիքներից 107 երեխա է ապրում։
«Ցանկություն առաջացավ օգնել ծանր կենսապայմաններում հայտնված երեխաներին ապահովել բարեկարգ դպրոցով, քանի որ այն իրենց երկրորդ տունն է»,-ասաց «ՈՒղղափառ մեկենանսների ռուսաստանյան ակումբի» խորհրդի նախագահի տեղակալ, հայկական ներկայացուցչության ղեկավար Խաչատուր Հակոբյանը։
Նա հավելել է, որ ասուլիսից անմիջապես հետո կսկսվի բիզնես- ֆորումը, որտեղ քննարկման առարկա կդառնան մի շարք առանցքային խնդիրներ, մասնավորապես Հայաստանում զբոսաշրջությանը, ադամանդագործությանը եւ ՀՅՈՐԱՆՈՑԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻՆ վերաբերող խնդիրներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am