Հոկտեմբերին Մերձդնեստրիայի Գրիգորիոպոլ քաղաքի բնակիչները հարգել են իրենց երկնավոր պաշտպան՝ սուրբ նահատակ Գրիգոր եպիսկոպոս (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), Մեծ Հայքի լուսավորչի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Տիրասպոլի և Դուբոսարիի թեմի առաջնորդ Սավվա եպիսկոպոսը Գրիգորիոպոլում հանդիսավոր ժամերգություն է կատարել: Ժամերգությունից հետո քաղաքի կենտրոնական հրապարակում թեմի առաջնորդը դիմել է վարչության ներկայացուցիչներին և Գրիգորիոպոլի բնակիչներին՝ կոչ անելով նրանց բոլոր ջանքերը գործադրել քաղաքում նոր եկեղեցի կառուցելու համար՝ ի պատիվ Սուրբ Գրիգորի: Տեղի պետական վարչության պետ Իվան Ցիննիկը, իր հերթին, կոչ է արել մասնակցել այդ ազնիվ գործին ինչպես տեղի գործարարներին, այնպես նաև քաղաքի հասարակ բնակիչներին: Տոնական միջոցառումների ավարտին Սավվա եպիսկոպոսը և նրան ուղեկցող հոգևորականները այցելել են տեղի նոր գավառագիտական թանգարան, որտեղ ծանոթացել Գրիգորիոպոլի պատմությանը:
Հիշեցնենք, որ Գրիգորիոպոլը գտնվում է Դնեստր գետի ափին և հիմնադրվել է որպես գաղութ՝ Իզմաիլի, Կիլիայի և Կաուշանիի շրջակայքից եկած, թուրքերից փրկված հայ փախստականների ընդունման համար: Համաձայն Եկատերինա Մեծի հրամանի, քաղաքի մագիստրատի հիմքի առաջին քարը դրվել է 1792 թվականի հուլիսի 25-ին: Քաղաքի բնակիչները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պաշտում են Սուրբ Գրիգոր Լուսավորչին, որը Գրիգորիոպոլի երկնավոր պաշտպանն է: Գրիգորիոպոլիսը հիմնադրած հայերի հետնորդները հիմա քաղաքում քիչ են, հայկական եկեղեցի չկա, գործում է 4 ուղղափառ եկեղեցի: Քաղաքի բնակիչների մեծամասնությունը մոլդավացիներ, ուկրաինացիներ ու ռուսներ են: Բնակիչների թիվը կազմում է շուրջ 16 հազար մարդ: