Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն ավանդական դարձած, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 200 նկարչուհիներ՝ 130 ստեղծագործություններով: Քաղաքապետը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է աշխատանքներին եւ զրուցել հեղինակների հետ:
Ողջունելով ու շնորհավորելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ արվեստասեր հասարակությանը կին ստեղծագործողների աշխատանքների ներկայացման նման հնարավորության ընձեռումը, ըստ էության, յուրովի գնահատանք է նրանց հանդեպ. «Հայ տղամարդը միշտ ուժեղ է նաեւ մեր կանանց շնորհիվ, քանի որ հայ կանայք, նախ եւ առաջ, մայր են ու դրանով ամեն ինչ ասված է: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ թե՛ ստեղծագործող եւ թե՛, ընդհանրապես, բոլոր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու մաղթում եմ նրանց երջանկություն եւ հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Ու թող, որ հայ օջախի սյունը միշտ ամուր լինի ձեզանով սիրելի կանայք», - ընդգծել է քաղաքապետը:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: