Երեւանի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու եւ հայրապետական երեւանյան նստավայրի կառուցման աշխատանքներն իրականացվում են «Հովնանյան» հիմնադրամի հովանավորությամբ ու վերահսկողությամբ եւ ընթացող աշխատանքներին Մայր Աթոռը որեւէ առնչություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Երեւանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու պատերի զարդաքանդակների վերաբերյալ սոցցանցերում տարբեր անհատների, մասնավորապես ճարտարապետների կողմից բուռն քննարկմանը:
«Ինչպես նախագծի պատրաստման ժամանակ, այնպես եւ այսօր` շինարարության ընթացքում արձանագրվել են թերություններ, որոնք մասնագետների մոտ ընդվզման տեղիք են տվել: Արձանագրվել են երեւույթներ, որ հակասում են հայ եկեղեցաշինության կանոններին: Այս կապակցությամբ նշեմ, սակայն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի ճարտարապետական բաժնին արդեն հանձնարարական տրվել է, որպեսզի հիշյալ անհարիր երեւույթները վերացվեն կամ շտկվեն», - ասաց Վահրամ քահանան:
Նշենք, որ օրերս լրատվական կայքերում եւ սոցցանցերում տարբեր անհատների, մասնավորապես ճարտարապետների կողմից, բուռն քննարկման առարկա դարձան Երեւանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցու պատերի զարդաքանդակները: Դժգոհությունը վերաբերում էր մասնավորապես Սբ Տիրամոր որմնաքանդակին, զարդաքանդակներին, անհասկանալի էր նաեւ Գարեգին Նժդեհի քանդակի առկայությունը եկեղեցին երիզող քանդակներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am