Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել եւ շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին: «Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը եւ ավելի մատչելի ձեւով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետեւ մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», - նշել է կառավարության ղեկավարը:
Մշակույթի եւ ժամանակակից նորարակական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն է: Նրա խոսքով՝ խոշորագույն հայերեն աուդիոդարանի ստեղծումը կարեւոր դեր կունենա սփյուռքում հայապահպանության գործում եւ հնարավորություն կտա միավորել աշխարհասփյուռ հայերին: Նա տեղեկացրել է, որ շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում այժմ հասանելի է 300 աուդիոգիրք (հայ դասականներ, հոգեւոր գրականություն), եւս 400-ը պատրաստման փուլում է: 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նախատեսված է ապրիլի 24-ին նահատակված գրողների աուդիոգրքերի ձայնագրում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am