Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեւանաբնակ բազմազավակ մայրերը, զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, սիրիահայ ընտանիքների, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններ ներկայացնող կանայք հնարավորություն են ունեցել մասնակցելու Տիգրան Չուխաջյանի «Կարինե» մյուզիքլի ներկայացմանը:
Մինչ ներկայացման սկիզբը ներկաներին ողջունել եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձն է փոխանցել Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Մյուզիքլի դիտումից հետո հանդիսությանը ներկա բոլոր կանայք տոնական նվերներ են ստացել: