Ծաղկաձորում այսօր՝ փետրվարի 21-ին Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը մեկնարկեց 2014 թվականի «Ջրբաժան. 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում տարբեր ոլորտի մասնագետներ երեք օր շարունակ հնարավորություն կունենան բանավիճել, քննարկումներ անցկացնել:
«Միջազգային գիտաժողովի խորագիրն ընտրվել է 60-70-ականների արվեստագետների սերունդը, քանի որ այն մի կողմից արդեն պատմություն է դարձել, մյուս կողմից դեռ գործուն մասնակցություն ունի արվեստի ժամանակակից գործընթացներում: Չթերագնահատելով բոլոր նախորդ սերունդներին, անգամ հաջորդներին եւ դեռ գալիքներին՝ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, Բանասիրական գիտությունների թեկնածու Հասմիկ Խեչիկյանը նշեց, որ այս սերունդը տարբերվում է բոլորից՝ իր դիմագծով, իր գույնով, իր առանձնահատկություններով եւ վաղուց արժանի է ճանաչվելու, սիրվելու գնահատվելու եւ դասականացվելու»:
60-70 ականները բեկումնային էին ամբողջ խորհրդային միության արվեստի պատմության մեջ, բեկումնային էին նաեւ հայ արվեստի համար, սա ըմբոստ սերունդ էր, որի ներկայացուցիչները բերեցին նոր լեզու, նոր մտածողություն նոր գեղագիտություն եւ պահանջեցին ընթերցողից՝ նոր, լիովին վերանայված մոտեցում արվեստում: Ահա այս եւ մի շարք հարցեր գիտաժողովի մասնակիցները կփորձեն վերանայել այս 3 օրերին, որը եւս մեծ ներդրում կլինի սերնդի ճանաչման հարցում»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ գիտաժողովն անցկացվում է Հայաստանի գրողների միության եւ ՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Գիտաժողովին մասնակցում են երիտասարդ եւ ավագ սերնդի գրականագետներ, կինոգետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ: Ներկա են լինելու նաեւ գիտնականներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Արցախից (8 մասնակից): Ընդգրկված են 50 զեկուցում եւ դասախոսություն՝ նվիրված արվեստի տարբեր ոլորտներին՝ գրականություն, երաժշտություն, կինո եւ թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն: Լինելու են նաեւ երաժշտության լսումներ, պոեզիայի ընթերցումներ եւ կինոդիտում: