2013-ին հայկական որմնանկարների վերականգման համար անհրաժեշտ գումարի կեսը տրամադրել է մասնավոր սեկտորը. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ տարեցտարի կարծես թե հետաքրքրություն է առաջանում հուշարձանների վերականգնման հանդեպ:
«Մշակույթի նախարարության եւ Իտալիայի ԱԳՆ-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում այս տարի Արուճի հանվայրում կազմակերպվել է քարե նյութերի վերականգնման դասընթաց: Բացի այդ, Արուճի վանական համալիրում, որտեղ պահպանվել է 7-րդ դարի պատմագեղարվեստական մեծարժեք մի որմնանկար, սկսվել է գիտական հետազոտություն»,-ասաց նախարարը` հավելելով, որ հետազոտության աշխատանքներում ընդգրկված են իտալական երեք համալսարան, ինչպես նաեւ տեղի հետազոտությունների ազգային խորհուրդը:
Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, այս տարի Քոբայրում կազմակերպվել է հին շարվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Նախարարը հույս հայտնեց, որ 2014-ին մասնավոր սեկտորն էլ ավելի մեծ ներդրումներ կանի` հուշարձանների վերականգնման համար.«2014-ին հուշարձանների պահպանությանը նվիրված մեծ գիտաժողով ենք կազմակերպելու»:
Yerkir.am