Դեկտեմբերի 19-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Փյունիկ» հաշմանդամների միության անդամների գեղարվեստական աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին միության սաների ձեռքի աշխատանքները , ինչպես նաև մարզական հաջողությունները:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ողջունելով ներկաներին, ընդհանրացված ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի ծրագրերը՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները նվազեցնելու ուղղությամբ։
«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու ջանքերն աննախադեպ են։
«Առաջին անգամ է, որ քաղաքապետարանը բոլոր ոլորտներում համապատասխան լուծում է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման գործում։ Մասնավորապես, թեքահարթակների կառուցման առումով հաջորդ տարի եւս համագործակցելու պայմանավորվածություն ունենք, ավելին՝ ծրագիրը այս տարվա կատարվածի համեմատ կրկնապատկվել է։ Ծրագրված է նաեւ մի քանի տրանսպորտային միջոցների հարմարեցում՝ սայլակավոր քաղաքացիների տեղաշարժը բարելավելու համար»,- նշել է «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահը։
«Փյունիկ» հաշմանդամների միության, ինչպես նաեւ «Ունիսոն» հասարակական կազմակերպության երկու տասնյակից ավելի անդամների քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պարգեւատրել է քաղաքապետի շնորհակալագրերով՝ հասարակական, մշակութային գործունեության համար։
Քաղաքապետի շնորհակալագրերով են պարգեւատրվել նաեւ «Փյունիկ» հաշմանդամների միության հրավերով այս օրերին Հայաստանում գտնվող վրաստանցի հյուրերը, ովքեր Երեւան են ժամանել «Մենք տարբեր ենք, բայց մենք կարող ենք» միջազգային ծրագրի համագործակցության արդյունքում։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ «Փյունիկ» միության անդամ ստեղծագործող երիտասարդ երաժիշտները եւ «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» երգչախումբը։