Մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվեց ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ Ռումինիայի Հայոց միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը: Օրվա հիմնական բանախոս, ճանաչված գրող եւ լրագրող Վարդան Առաքելյանը արխիվային հետազոտությունների հիման վրա մանրամասներ ներկայացրեց 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայաստանի Գլխավոր/ Պատվավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ:
Սենատոր Վարուժան Ոսկանյանը հայտարարեց, որ ինքը, Ռումինիայի Հայոց միության փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը եւ ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերելու համար:
Այնուհետեւ Հանրապետության տոնին նվիրված ժողովրդային հանդես տեղի ունեցավ Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանավոր այդ իջեւանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մեկը` Մանուկբեյ Միրզայանը:
«Եթե մենք լավ ճանաչենք մեր պատմությունը եւ մեր արժեքները, ապա հպարտանալու իրավունք կունենանք` համոզվելով, թե ինչ տոկուն եւ օժտված ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ` Կովկասից մինչեւ Կապադովկիա, Պոնտոսից մինչեւ Միջերկրական, Միջագետքից մինչեւ Բալկաններ: Այս գիտակցումը կամրապնդի եւ կհարստացնի մեր հայկական ինքնությունը` մեր անձին տալով հավելյալ մի արժեք, որն այսօրվա մրցակցության պայմաններում հանրային թե անձնական հաջողության երաշխիք է: Պատմությունն այնպես է արել, որ մեր ժողովրդի առջեւ դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց հաղթահարումը յուրաքանչյուրիս կյանքը դարձնում է յուրատեսակ առաքելություն: Իմ կարծիքով, դա եւ պարտականություն է, եւ բախտ. դրանով մեր հայկական կյանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,- ռումինահայերին ուղղված իր խոսքում ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:
Տեղեկանք: Ռումինիան, ի շարս Սեւրի հաշտության պայմանագիրն ստորագրած այլ երկրների, Հայաստանի անկախությունը ճանաչել է այդ ակտով, 1920թ. օգոստոսի 10-ին, ինչի մասին վկայում է 1920թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմված մի տեղեկանք: Սակայն մինչ Սեւրի պայմանագրի ստորագրումը, 1920թ. հունիսի 11-ին Հայաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանյանը նամակով դիմել է դաշնակից երկրներին, այդ թվում նաեւ Ռումինիային, նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին հավատարմագրելու որպես Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ: Վերջինս իր հավատարմագրերը Ռումինիայի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել 1920թ. սեպտեմբերի 21-ին:
Բուխարեստում բացվել է Հայաստանի Պատվավոր հյուպատոսություն, որը գործել է նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո, որպես Հայաստանի աքսորյալ կառավարության ներկայացուցչություն: Օրինակ, 1925թ. սեպտեմբերի 5-ին Ռումինիայի արտաքին գործերի նախարարին ուղղված մի գրությամբ Փարիզում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը տեղեկացնում է Բուխարեստում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հարություն Խընդիրյանի լիազորությունները դադարեցնելու եւ դրանք ժամանակավորապես Ռումինիայի Հայոց միության նախագահ Արմենակ Մանիսալյանին փոխանցելու մասին եւ խնդրում հավատարմագրել վերջինիս: