«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Բրիտանական խորհուրդը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի եւ Գյումրիի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը եւ կդարձնեն կյանքն ավելի լավ։ Մենք չափազանց կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան գործերի հետ, քանի որ այս ամենն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը եւ կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մեզ համար առաջնային է մեր ծրագրերում ներգրավել նաեւ մարզային հանդիսատեսին: Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր ծավալով եւ միջոցառումների ընդգրկուն քանակով չէր կարող չընգդրկել նաեւ մարզերը: Մեզ համար կարեւոր է չսահմանափակվել մոտակա մարզերով, այլեւ ներկայանալ նաեւ հեռավոր քաղաքներում»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, ուր ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։ Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական եւ հաղորդակցության խնդիրներին։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը եւ Bravo.am, imyerevan.com, emporium.am: