Հայերն ու սերբերը պետք է լավատեսության ոգով դիմագրավել ներկայիս դժվարությունները: Այս մասին մարտի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչի հետ հանդիպման ժամանակ նշել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիպմանը Գարեգին Բ-ն անդրադարձել է հայ եւ սերբ բարեկամ ժողովուրդների պատմական ընդհանրություններին եւ ներկայիս մարտահրավերներին` մասնավորապես ընդգծելով երկու ժողովուրդների հոգեւոր-մշակութային, նաեւ քաղաքական կյանքում Հայ Առաքելական ու Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ունեցած բացառիկ դերակատարությունը:
Գարեգին Բ-ն արձանագրել է երկու պետությունների միջեւ առավել սերտացող հարաբերությունները` շեշտելով, որ իբրեւ հարությանը հավատացող ժողովուրդներ` պետք է լավատեսության ոգով դիմագրավել ներկայիս դժվարությունները:
Իր հերթին Սերբիայի Արտաքին գործերի նախարարն Ամենայն հայոց կաթողիկոսին է փոխանցել Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Իրենեոս պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները, ապա ներկայացրել այցի ընթացքում արձանագրված արդյունքները, անդրադարձավ երկու ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտությանը:
Զրույցի ընթացքում խոսվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ երկու երկրների հոգեւոր կյանքի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: