Ստամբուլի Շիշլիի շրջանի փոխքաղաքապետ Վազգեն Բարընը հայտարարել է, թե հավատում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ է ընտրվելու ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Վազգեն Բարընը պատմել է, որ դեռեւս 15 տարի առաջ Շիշլիի քաղաքապետ ընտրված Մուսթաֆա Սարըգյուլը որոշում կայացրեց փոխքաղաքապետ նշանակել ազգությամբ հայի։ Վազգեն Բարընը նշել է, թե Մուսթաֆա Սարըգյուլը ծառայում է ոչ միայն հայերի, այլ բոլորի համար անկախ ազգության եւ կրոնի։
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում Մուսթաֆա Սարըգյուլի հաղթելու հավանականության հետ կապված հարցին, հայ փոխքաղաքապետը նշել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթելը շատ դժվար է, սակայն ինքը հավատում է, որ Սարըգյուլը խելամիտ քաղաքականության արդյունքում հաղթելու է։
Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։ «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը: