Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանը ֆիլհարմոնիկում եւ, առհասարակ, Հայաստանում է հայտնվել Արամ Խաչատրյանի խորհրդով: Նա ծնվել եւ մեծացել է Թիֆլիսում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում և համերգներից մեկի ժամանակ պատահական հանդիպել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջինս արդեն իսկ կայացած երաժշտին խորհուրդ է տվել գնալ Հայաստան` ասելով. «Դուք անելիք չունեք այստեղ»: Տիկին Հովհաննիսյանը, հետեւելով մաեստրոյի խորհրդին, գալիս է Հայաստան, ֆիլհարմոնիկում նվագելու առաջարկ ստանում ու հաստատվում հայրենիքում: Տավղահարուհին հավաստիացնում է` լինել նվագախմբի մենակատար նշանակում է մոռանալ անձնական կյանքդ, միշտ կենտրոնացած լինել գործի վրա:
-Արամ Խաչատրյանն անմիջական կապ է ունեցել Ձեր` որպես երաժշտի կայացման համար: Ինչի՞ց սկսվեց Խաչատրյանի հետ Ձեր ծանոթությունը:
-Սովետական տարիներին հաճախ էին տարբեր երկրներում Խաչատրյանական ստեղծագործական երեկոներ կազմակերպվում: Ես ծնվել եւ մեծացել եմ Վրաստանում: Մի անգամ, երբ նա Վրաստան պետք է գար, ինձ նույնպես հրավիրեցին այդ համերգին` կատարելու նրա գործերից մեկը: Երբ նա լսեց գործը, հարցրեց` ո՞վ եմ ես` բացարձակ չիմանալով, որ հայ եմ: Երբ անուն, ազգանունս լսեց, միանգամից ասաց. «Իսկ ի՞նչ եք անում այստեղ, գնացեք Հայաստան»: Ես ասացի, որ սովորում եմ այստեղ, տեղի օպերայի թատրոնում աշխատում եւ պետք է ուսումս ավարտեմ, իսկ նա շատ հանգիստ շարունակեց. «Ոչ, Դուք պետք է Հայաստան գնաք, եւ ես դրա համար կանեմ ամեն ինչ»: Եվ նա, իրոք, կարգավորեց բոլոր հարցերը, եւ ես տեղափոխվեցի Հայաստան: Այն ժամանակ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը Դավիթ Խանջյանն էր, ով հրավիրեց ինձ նվագախումբ: Խաչատրյանի հետ մեր շփումը շարունակվեց նաեւ Հայաստանում. մենք հանդիպում էինք, միասին նվագում, անգամ պահպանվել են այն ձայնագրությունները, որոնցում նա ղեկավարում է համերգը, մենք` նվագում:
-Երբ դրսից ինչ-որ հայտնի ստեղծագործող է գալիս Հայաստան, եւ հարցնում ենք հայկական մշակույթի մասին, նրանք անմիջապես Խաչատրյանին են հիշում: Այո, լավ է, որ Խաչատրյանին դրսում ճանաչում են, բայց, մյուս կողմից, նոր Խաչատրյաններ չունե՞նք:
-Ուղղակի Խաչատրյանին ողջ աշխարհը գիտի, եւ այն փառքը, որ Խաչատրյանն ունի, ոչ ոք չունի: Ես չեմ ճանաչում մեկին, ում այսքան սիրեն: Երբ նա «Սպարտակը» նոր էր գրել, շրջագայում էր աշխարհով մեկ: Ճապոնիայում ճապոնացիները ինքնաթիռից մինչեւ հյուրանոց նրան ձեռքերի վրա են տարել: Երբ ֆիլհարմոնիկի հետ 2008-ին Ճապոնիա գնացինք` հյուրախաղերի, Խաչատրյան կատարելիս հանդիսատեսը լալիս էր: Խաչատրյանն ուրիշ է, նոր սերնդի մեջ կան տաղանդավորներ, բայց նրանք Խաչատրյան չեն:
-Այ, ասացիք` Խաչատրյանին ձեռքերի վրա տարան մինչեւ հյուրանոց: Ինչո՞ւ Հայաստանում երաժշտի հանդեպ չկա նման վերաբերմունք:
-Դժվար հարց է: Մշակութային ոլորտում արժեքների անկում է նկատվում: Նախկինում բոլորի տներում դաշնամուր կար, բոլորը ցանկանում էին երաժշտություն սովորել, իսկ հիմա ոչ միայն երաժշտություն սովորելու, այլ նաեւ համերգ հաճախելու մշակույթն է ձեւախեղվել: Այս ամենը, իմ կարծիքով, տնտեսական վիճակից է գալիս` եթե աշխատանք չկա, այսպես ասած` մարդու աչքին ոչինչ չի երեւում:
-Իսկ միգուցե երիտասարդները, տեսնելով, թե ինչպես են ապրում երաժիշտները, ինչպես են նրանց վերաբերվում մեզ մոտ, այլ մասնագիտությո՞ւն են ընտրում:
-Այո: Այս տենդենցն ամբողջ աշխարհում է, ուղղակի մեզ մոտ այն ավելի շատ է զգացվում, քանի որ փոքր ազգ ենք: Բայց, մյուս կողմից, կան երկրներ, որոնք պահպանում են դասական երաժշտության հետ կապված իրենց ավանդույթները` Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը: Հայաստանում ուսումը դարձել է շատ թանկ եւ ոչ բոլորին հասանելի: Փարիզում կա կոնսերվատորիա, որը 5-10 անգամ ավելի մատչելի է, քան մերը: Դրսից եկած ուսանողները բողոքում են, որ մեզ մոտ գինը չի համապատասխանում որակին:
-Այսինքն` մասնագետների պակա՞ս էլ ունենք:
-Այո, իհարկե: Վերջին շրջանում կյանքից հեռացան անվանի եւ տաղանդավոր երաժիշտներ, իսկ նրանց ոչ ոք չփոխարինեց: Շատերը լքել են Հայաստանը: Երաժշտության, մշակույթի հանդեպ սերը պետք է ընտանիքում դաստիարակել: Մեր երեխաները շատ տաղանդավոր են` ինչ լավ նկարիչներ ունեինք: Կարծես, ամեն ինչ կանգ է առել մշակույթի ոլորտում: Գիտության մեջ էլ նույն բանն է կատարվում:
-Այս ամենի արդյունքում տարիներ հետո ինչ-որ մի շրջան դատարկ տե՞ղ է մնալու:
-Եթե ինչ-որ մեկը կոնսերվատորիայում սովորելիս հասկանում է, որ կարող է լավ մասնագետ դառնալ, անմիջապես մտածում է երկիրը լքելու մասին, նա անում է ամեն ինչ` երկրից դուրս գալու համար, եւ չես կարող նրան մեղադրել: Կարծում եմ` մինչև մեր մշակույթին չվերաբերվեն որպես անհրաժեշտության` պետական մակարդակով, ոչինչ չի փոխվի: Չեմ կարող ասել` ոչինչ չի արվում, ինչ-որ բան արվում է, բայց շատ մասնագետներ ունենք, որ ուղղակի չեն սովորեցնում, որովհետեւ չգիտեն էլ` ինչ սովորեցնել: Սովորեցնելու գործընթացը, կարծես, մահացել է մեզ մոտ:
-Երեխան ինչպե՞ս պետք է ջազ, ռոք, դասական սիրի, երբ ամենուր ռաբիս է հնչում:
-Եթե մշակութային քաղաքականություն ունենանք, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մարդկանց պետք է ցույց տալ, որ երաժշտությունը կարեւոր է: Մինչեւ չմեծարեն, ցույց չտան երաժշտի կարեւորությունը, երեխաները չեն ցանկանա երաժշտությամբ զբաղվել: Որակյալ երաժշտության հանդեպ սերն ընտանիքից է գալիս` ծնողներից, պապերից ու տատերից:
Կարինե Հարությունյան , Yerkir.am