Հակոբյանների ընտանիքն ապրել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում եւ ստիպված է եղել լքել այն, քաղաքում 1988-ի փետրվարին հայ բնակչության ջարդերի հետեւանքով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի հայր Արշավիր Հակոբյանը պատմել է. «Ամեն ինչ սկսվեց 1988-ի փետրվարի 27-ին, օրը շաբաթ էր: Մենք ընկերներով հարսանիքի էինք, մեր երիտասարդներից մեկն ամուսնանում էր եւ մեզ հրավիրել էր իր հարսանիքին: Այնտեղ կայնի եւ շատ ադրբեջանցիներ, եւ շատ ռուսներ, որոնք աշխատում էին մեզ հետ: Հարսանիքից հետո ադրբեջանցիները մեզ առաջարկեցին տաքսիով տուն հասցնել: Ես զարմացա, որովհետեւ ավտոբուսին կանգառը շատ մոտ էր, եւ ես կարող էի տուն վերադառնալ ավտոբուսով: Այն ժամանակ ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Նրանք տաքսի վերցրին ու ինձ տուն հասցրին»:
Հաջորդ առավոտյան, կիրակի, Արշավիրի կինը՝ Գոհարը, պետք է աշխատանքի գնար:
Այնուհետեւ պատմությունը շարունակեց Գոհարը. «Ես այդ օրն աշխատանքի գնացի Քիմիկոսների Պալատ, որտեղ դռնապան էի աշխատում: Ես ոչինչ չգիտեի, ամեն ինչ հանգիստ էր, բայց տնօրենն ասաց. «Ինչո՞ւ ես եկել աշխատանքի ինչպե՞ս ես եկել»: Ես զարմացա եւ ասացի, որ նստել եմ ավտոբուս եւ եկել: Տնօրենը հարցրեց, թե քեզ ոչ ոք ոչինչ չի՞ ասել, ես էլ պատասխանեցի՝ ոչ: Նա ինձ խորհուրդ տվեց գնալ տուն եւ դուրս չգալ: Նա մի ադրբեջանցու խնդրեց ինձ տուն հասցնել: Տանը ամուսնուս պատմեցի՝ ինչ է տեղի ունեցել, նա չհավատաց, ասելով, որ Սումգայիթում ամեն բան հանգիստ է: Այդ օրը մենք փակեցինք դռները եւ սպասում էինք»:
Արշավիր պապի խոսքով՝ անգամ տեղի ադրբեջանցիները չգիտեին, թե ինչ է կատարվում: «Փետրվարի 27-ին ադրբեջանցիները հանրահավաք էին կազմակերպել Լենինի հրապարակում, քարոզչություն էին իրականացնում՝ հայտարարելով, որ Հայաստանի տարբեր քաղաքներում հայերը սպանել են ադրբեջացի բնակիչներին, իբր մի կնոջ մերկացրել ու ծաղր ու ծանակի են ենթարկել:
Նրանց պարզապես պետք էր ոտքի հանել մարդկանց, հատկապես, երիտասարդությանը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Բաքուն մեծ քաղաք է եւ այնտեղ միանգամից հնարավոր չէր լինի մարդկանց ոտքի հանել:
«Սկզբում նրանք իրենք էլ չգիտեին՝ ինչ պիտի անել, որովհետեւ թալանում էին խանութները, իսկ հետո նրանց ասացին, որ պետք է մտնել թաղամասեր եւ բնակարաններ, որտեղ ապրում են հայերը: Նրանց ձեռքին կար բոլոր հայերի նախապես պատրաստված հասցեները: Դրանք հիմնականում հայտնի անձանց տներն էին, որոնք լուրջ պաշտոններ էին զբաղեցնում: Անմարդակային ջարդերի հետեւանքով տուժեցին անմեղ մարդիկ, որոնց կոտորում էին, սպանում ու այրում երեք օր շարունակ»,-շարունակեց ողբերգական պատմությունը Արշավիրի պապը՝ հավելելով, որ շատերին մինչեւ օրս չեն գտնում:
«Հանցագործները չէին ցանկանում, որ զոհերի թիվը 26-ից շատ լինի, որովհետեւ այդ դեպքում կստացվեր, որ դա ցեղասպանություն է: Իրականում զոհերի թիվն անհամեմատ շատ էր»,-վստահեցրեց նա:
Արշավիր պապի խոսքով՝ ջարդերը շարունակվեցին 3 օր, մինչեւ Մոսկվայից դեսանտայիններ չուղարկեցին, որոնք շրջափակեցին ողջ քաղաքը, շրջում էին թաղամասերում եւ հավաքում փրկված հայերին: Ողջ հայ բնակչությունը հավաքվել էր Քիմիկոսների Պալատի մոտ: «Մենք էլ գնացինք, ես, կինս եւ կրտսեր որդիս»,-ասաց Արշավիր Հակոբյանը:
Գոհար Հակոբյանի խոսքով՝ մինչ այդ ադրբեջանցի հարեւաններն իրենց տեղափոխել էին ադրբեջանական դպրոց, քանի որ տեղեկություն կար, որ այնտեղ անվտանգ է, բայց իրականում այդպես չէր: «Առավոտյան մենք այնտեղից դուրս եկանք, երբ եկան ռուսները: Սկզբում վախենում էինք դուրս գալ, քանի որ չգիտեինք, դրանք ռուսներ են, թե ոչ»,-արցունքն աչքերին պատմում էր Գոհար Հակոբյանը: «Հաջորդ երկու օրերին մենք խիստ անհանգիստ էինք: Մենք կալանավորի պես նստել էինք տանը, որովհետեւ դուրս գալը վտանգավոր էր, մենք իրավունք չունեինք դւորս գալ փողոց: Նրանք ադրբեջաներեն գոռում էին. «Մահ հայերին, մահ հայերին»:
Մեր բախտը բերեց, որ նրանք մեր տուն չմտան, մեր միկրոշրջանում քիչ հայեր կային»,-ասաց Գոհարը:
Նախքան այս ողբերգական դեպքերը, Հակոբյանները Սումգայիթում ապրել են 211 տարի:
Տաթեւիկ Ղազարյան, Լուրեր Հայաստանից - NEWS.am