Մեգ Ռայանը կզբաղվի «Իթաքա» ֆիլմի ստեղծմամբ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Ինչպես գրում է lenta.ru–ն` հղում անելով The Hollywood Reporter–ին, ֆիլմը կդառնա դերասանուհու ռեժիսորական դեբյուտը։
Ռայանը ֆիլմում կկատարի գլխավոր դերերից մեկը։ Նրա հետ ֆիլմում կնկարահանվեն Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթն ու Ջեք Քուեյդը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու Playtone ընկերությունում նրա գործընկեր Հերի Գոեցմանը։
Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրել է 1942 թ.–ին։ Մասամբ ինքնակենսագրական ստեղծագործության մեջ Սարոյանը պատմում է Իթաքա քաղաքի բնակիչ 14–ամյա Հոմեր Մաքոլիի մասին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆոնին։ Հոմերի ավագ եղբայրը գնում է պատերազմի, իսկ նա մոր, եղբոր և քրոջ հետ մնում է տանն ու աջակցում ընտանիքին։
1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի» «Լավագույն սյուժե» անվանակարգում։
Մեգ Ռայանն աշխատում է կինոյում որպես դերասանուհի, կրկնօրինակման դերասանուհի և պրոդյուսեր։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Ինչպես Հարին հանդիպեց Սալիին», «Հրեշտակների քաղաք», «Դուք նամակ ունեք», «Քեյթն ու Լեոն» և այլ ֆիլմերում կատարած դերերը։ 2011 թ.–ին հայտարարվեց, որ Ռայանը կնկարահանի «Into the Beautiful» կատակերգական դրաման, սակայն ֆիլմը չնկարահանվեց։
Նովոստի–Արմենիա